Մտածողությունը մարդու գործունեության կենտրոնն է՝ կարող է լինել անձնական կամ հավաքական:
Ինքս ինձ հարց եմ տալիս՝ խանգարո՞ւմ է արդյոք իմ անձնական մտածողությունը հավաքական մտածողությանը: Ու՞մ եմ ես վնասում, եթե հետևում եմ միայն իմ համոզմունքին: Շատ մասնագետներ կասեին՝ ոչ, որովհետեւ անհատական մտածողությունը չի նշանակում խմբից կտրվել կամ անտեսել ուրիշների փորձը։
Իրականում այն պարզապես հնարավորություն է տալիս հարց տալ, նոր բան առաջարկել, փորձել ինչ-որ բան ավելի լավ անել…. Իսկ սա կարուոր է ինչպես անձի, այնպես էլ ընդհանուր նպատակի համար։
Ուրեմն, որտե՞ղ է խնդիրը: Խնդիրը սկսվում է, երբ անհատական մտածողությունը դառնում է գերակշռող: Երբ ես առաջնորդվելով իմ համոզմունքներով, նույնիսկ եթե այն տրամաբանական է, սկսում եմ թելադրել որոշումներ, կամ պարտադրել իմ մոտեցումները՝ անտեսելով հավաքականի փորձը եւ ընդհանուր շահը, առաջանում են հակադրություններ: Արդյունքը պարզ է․ ընդհանուր գործը կորցնում է արդյունավետությունը, ես մնում եմ միայնակ իմ դիրքորոշման մեջ, իսկ ամբողջ գործընթացը՝ այսինքն ընդհանուր կառուցվածքը, դառնում է անկայուն ու հակասություններով լցված։ Մի խոսքով, ամեն ինչ սկսում է քանդվել ներսից։
Պատմությունը լի է նման դեպքերով. օրինակ, ֆրանսիական հեղափոխության շրջանում անհատական մոլուցքը կամ անհատական շահի գերակայությունը հաճախ խանգարել է հեղափոխության նպատակներին եւ առաջացրել ներքին հակասություններ, որոնք թույլ են տվել հակառակորդներին հաղթել կամ ճնշել շարժումը:
Բայց հակառակը նույնպես պատահում է. երբ հավաքականը սխալ մոտեցումների մեջ է՝ նույնիսկ «հավաքական շահի» անունից, անհատական մտածողությունը կարող է լինել անհրաժեշտ. Նապոլեոն Բոնապարտի անձնական ռազմավարական մտքերից եւ մոտեցումից էր, որ Ֆրանսիան հասավ որոշ ռազմական հաջողությունների, որոնք համընդհանուր հավաքական մտադրություններով հնարավոր չէր լիներ:
Հայոց պատմության մեջ նման դեպքերից էր, օրինակ, Սարդարապատի հերոսամարտը 1918 թ.–ին։ Բոլորը սպասում էին հավաքականի որոշման եւ գործողությունների, սակայն մի քանի անհատներ՝ իրենց հանդգնությամբ, խիզախությամբ, ռազմավարական դատողությամբ եւ փորձառությամբ, վերցրին նախաձեռնությունը, ուղղորդեցին մարտավարությունը եւ հասցրին բանակը հաղթանակի։ Հենց նրանց անձնական ճկունությունն ու խոհեմությունը դարձան հավաքականի ուժը հաջողության տանող գործոնը։
Հետեւաբար, անհատական մտածողությունը կենսական է, բայց այն պետք է աշխատի համատեղաբար հավաքականի հետ։
Աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ հաջողության հասնում են այն ազգերը, կազմակերպությունները եւ կամ խմբերը, որտեղ անհատը հարգում է հավաքականի փորձն ու նպատակները, իսկ հավաքականը պատրաստ է լսել, ընդունել եւ հետեւել անհատի այն առաջարկները, որոնք իսկապես ծառայում են ընդհանուր շահին։
Այդ հավասարակշռությունը ստեղծում է առողջ, արդյունավետ եւ կայուն համակարգ, բայց հարցն այն է՝ արդյո՞ք մենք միշտ կկարողանանք համախմբել անհատականությունը եւ հավաքական փորձը այնպես, որ երկուսն էլ ծառայեն իրական, ընդհանուր շահին:
Արմինե Մուքոյան
28.01.2026


Քրիչդ դալար ընկհ. Արմինէ։ Շինիչ նիւթ է։
Շնորհակալ եմ, սիրելի Արփի։