
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Մխիթարյանը եւ հայոց լեզվի պատմության ու ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը վերջերս հրապարակել են գիտական հոդված՝ «Կրոնական տերմիններ դասական հայերենում՝ հիմնված Եզնիկ Կողբացու «Աղանդների հերքումը» գրքի վրա» խորագրով, որը լույս է տեսել «Scopus» գիտական շտեմարանում ընդգրկված բարձր վարկանիշ ունեցող «Forum for Linguistic Studies» հանդեսում։
Այն արժեքավոր ներդրում է հայագիտության ու համաշխարհային լեզվաբանական ու մշակութաբանական ուսումնասիրությունների համար, ընդգծելով դասական հայերենի կենսունակությունն ու ժամանակակից գիտության հետ կապը։

Կրոն, գաղափարախոսություն և լեզու․ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ի գիտական մեկնությունը. վերլուծական զրույց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Գայանե Մխիթարյանի հետ։

– Ներկայացրեք ձեր աշխատանքը․ ինչու՞ եք ընտրել Եզնիկի երկը։
– Աշխատանքը ԿՐՈՆԱԿԱՆ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԲԱՐՈՒՄ ԸՍՏ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑՈՒ «ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ» ԵՐԿԻ կատարել ենք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Նարինե Դիլբարյանի հետ։ Որպես հոդված ներկայացրել ենք Scopus գիտական շտեմարանում ընդգրված բարձր վարկանիշ ունեցող հանդեսներից մեկում։ Նպատակը մեկն էր գիտական օտար հանրությանը ծանոթացնել վաղ միջնադարյան հայ իմաստասիրական մտքի դրսևորումներին։
Աստվածաբանական փիլիսոփայական հարցերի քննությունը, բնականաբար, ենթադրում է նաև լեզվական յուրահատկությունների ուսումնասիրություն։ Հայերենը 5-րդ դարում դեռևս չուներ փոքր ի շատե մշակված համապատասխան տերմիններ։ Եզնիկը կարողացել է մի շարք գիտական հասկացություններ արտահայտել սովորական բառերով՝ վերջիններիս տալով նոր իմաստներ, միաժամանակ շրջանառության մեջ դնելով բոլորովին նոր գիտաբառեր։
Եզնիկի աշխատությունը թելադրված էր ազատագրական պայքարի պահանջներով։ Նա առաջին հերթին քննում է մարդու անհատական և հավաքական ազատության ու փրկության հարցերը՝ ինչպես աստվածաբանական ու իմաստասիրական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։ Այդ հարցերի փիլիսոփայական մոտեցումը հանգեցնում էր կամքի ազատության, մարդու գործունեության, չարի և բարու խնդիրների վերլուծության։
Մյուս կողմից հեթանոսությունից քրիստոնեական միաստվածության անցման ժամանակաշրջանում անհրաժեշտ էր տեսականորեն հերքել զրադաշտական, մանիքեական, տեղական հելլենիստական կրոնները, գնոստիկյան աղանդների կողմից պաշտպանվող չարի ու բարու դուալիստական ըմբռնումները, չարի սուբստանցիոնալ գոյությունը հաստատող դրույթները, որոնք անմիջապես հակադրվում են քրիստոնեական միաստվածության և բարոյական նպատակայնության ուսմունքներին։
Եղծ աղանդոցը կազմված է 4 գրքից՝ Եղծ աղանդոց հեթանոսաց, Եղծ քէշին պարսից, Եղծ կրօնից յունաց իմաստնոցն և Եղծ աղանդոյն Մարկիոնի։ Բոլոր աղանդները քննվում են քրիստոնեական կրոնի դիտանկյունից։
– Ի՞նչ նշանակություն ունի հավատալիքային դաշտի բառանունների քննությունը։
– Կրոնի և հավատալիքների իմաստային դաշտը կազմված է վաղնջական ծագում ունեցող միջուկային բառերից, որոնք, որպես կանոն, բնիկ ծագում ունեն և արմատական բառային միավորներ են, որոնցից ածանցման և բառաբարդման միջոցով հետագայում առաջանում են նոր անվանումներ:
Դասական գրաբարի հավատալիքային դաշտի բառանունների վերլուծությունը թույլ է տալիս վերականգնել նախալեզվի համարժեք բառաշերտերը, որոնք լեզվականի հետ մեկտեղ նաև քաղաքակրթական մեծ արժեք ունեն, – ինչու՞ – որովհետև բացահայտում են հնդեվրոպական ժողովուրդների աշխարհընկալման յուրահատկությունները, հոգևոր և նյութական մշակույթների հարաբերությունները:
– Ո՞րն է հետազոտության նպատակը։
Մեր այս հետազոտության նպատակը Եզնիկի աշխատության բառապաշարում կրոնին եւ հավատալիքներին վերաբերող բառ-եզրույթների բովանդակային քննություն է, դրանց բառակազմական գործուն կաղապարների առանձնացումը, կրոնական բառերի հնարավոր իմաստային տեղաշարժերի ու կենսունակության բացահայտումը: Եզնիկի աշխատությունից դուրս ենք գրել կրոնի և հավատալիքների հիմնային իմաստային դաշտին պատկանող միջուկային բառեր ու բառակապակցություններ՝ դրանք ենթարկելով տարաժամանակյա լեզվաոճական, իմաստաբանական վերլուծության։
Վաղնջահայերը, անջատվելով հնդեվրոպական միասնությունից, ժառանգել են պաշտամունքային աշխարհի հստակ համակարգ՝ ծիսական արարողակարգերով, որոնք էլ ձևավորում էին կրոնական գաղափարներ արտահայտող բառանունների իմաստային դաշտը։
Այսինքն՝ մեր ուսումնասիրության առարկա իմաստային դաշտի որոշ բառեր իրենց ծագումով ոչ թե հնագույն են, այլ վաղնջագույն ժամանակների վկայություն:
Աստվածայինը, առաջնային ընկալմամբ, նախ այն է, ինչն օժտված է աստծո արարչագործ ուժով, զորությամբ, այսինքն՝ սրբազան է, նաև այն ամենն է, ինչին մահկանացուները չեն կարող դիպչել:
– Ի՞նչ է ակնկալում մարդը աստվածային ուժերից։
– Մարդիկ աստվածային ուժերից ակնկալում են կա՛մ ի շահ և ի պաշտպանություն իրենց որոշակի գործողությունների, ծեսերի իրականացում, կա՛մ ի հակառակ իրենց կատարվող որևէ գործողության խափանում: Այս նպատակները իրականացման երկու ձև են ունեն՝ բառային, որը աղոթքն է, և առարկայական, ինչպես օրինակ՝ զոհաբերությունը, մատաղը, մոմավառությունը, խնկարկումը, խոնարհվելը տոտեմական արձանիկների կամ սրբապատկերների առջև, խաչակնքվելը և այլն:
– Ի՞նչ պնդումներ է արել Կողբացին աղանդների վերաբերյալ։
– Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» աշխատության մեջ քրիստոնեական մոնիստական դիրքերից հերքել է զրադաշտականությունը, հեթանոսությունը և անտիկ փիլիսոփայությունը։ Նա պնդել է, որ չարը սուբստանցիոնալ չէ, այլ ազատ կամքի արդյունք, իսկ աշխարհի բոլոր չարիքների պատասխանատուն մարդն է, այլ ոչ թե Աստված։
Կողբացու հիմնական պնդումները աղանդների վերաբերյալ ներառում են.
- Պարսկական զրվանականության (դուալիզմի) քննադատություն. Կողբացին հերքել է բարի (Ահուրամազդա) և չար (Ահրիման) աստվածների գոյությունը՝ պնդելով, որ չարը բնական էություն չէ։
- Ազատ կամքի պաշտպանություն. Ըստ նրա, Աստված ստեղծել է բարի աշխարհ, իսկ չարը առաջացել է մարդու՝ ազատ կամքի սխալ օգտագործման հետևանքով, ոչ թե արարչագործության թերության։
- Հեթանոսության և սնահավատության մերժում. Քննադատել է աստղագուշակությունը, ճակատագրապաշտությունը և հեթանոսական վերապրուկները՝ համարելով դրանք բանականությանը հակասող սնահավատություններ։
- Փիլիսոփայական հերքում. Քննադատության է ենթարկել հունական պոլիթեիզմը, ստոյիկների պանթեիզմը և էպիկուրյան աթեիզմը՝ պաշտպանելով քրիստոնեական արարչագործական ուսմունքը։
– Ի՞նչ բառեր են առնչվում կրոն իմաստային դաշտին։
– Կուզեի որոշ տեղեկություններ հաղորդել կրոն իմաստային դաշտին առնչվող բառերի մասին։ – Նախ՝ Կրոն իմաստային դաշտի որոշ բառեր հնագույն ժամանակներում սերտորեն կապվում էին իրավունքի, օրենքի իմաստային դաշտին։ Դրա վկայությունները արձանագրված են հենց Եզնիկի երկում, քանզի առաջնային օրենքը աստվածային սկզբունքն էր, Աստծո խոսքը, որն անառարկելի էր: Կրօն բառն ինքնին ծագում է կրեմ բայի արմատից, և գրաբարի բառարանում՝ «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» աշխատության մեջ բացատրվում է որպես կարգ և կանոն, օրէնք:
Կրոն իմաստային դաշտը սերտորեն առնչվում է նաև ժամանակի իմաստային դաշտի միջուկային բառերին, որովհետև ժամանակն ինքնին աստվածային կարգ է՝ ծննդյան և մահվան ժամանակահատվածերով, որոնք զուգադրվում են օրվա առավոտյան հատվածի, ցերեկվա, երեկոյի և գիշերվա պատկերացումների հետ, որպես լուսավոր օրվա՝ արևածագի սկիզբ, ապա՝ աստիճանական մայրամուտ և այնուհետև՝ հարություն, այս շղթան պարբերական կրկնվում է:
Դասական գրաբարի կրոնական եզրույթների հիմական մասը վկայված է Եզնիկի «Եղծ աղանդոց»-ում, որը միաստվածության տրամաբանական փառաբանումն է՝ հեթանոսական բազմաստվածության հերքումը։
– Ի՞նչ եզրույթների եք անդրադարձել հոդվածում։
– Երկի Առաջին գիրքը, որը վերաբերում է հեթանոս աղանդների հերքմանը սկսվում է աներեւոյթ-ի և նրա յաւիտենական զօրութեան պարզաբանումից: Աներեւոյթ եզրույթը ՆՀԲ-ում արձանագրված է որպես աչքերով անտեսանելի։ Ասել է թե՝ գերբնականը նաև մոգական է, քանի որ հասանելի չէ մարմնավոր տեսավորությանը։ Քանզի հեթանոսական հավատքում, որը Եզնիկի հայեցակետից տարբեր աղանդների միավորում է, երկնքի պաշտամունքը զուգակցվում է երկրային չորս սրբազան տարրերի աստվածացման հետ, ուստի «Եղծ»-ում բազմիցս հանդիպում ենք ջուր, երկիր (հող), օդ և հուր հասկացությունների անվանումներին, որոնք ամբողջացնում էին նախնական աշխարհաստեղծումը: Դրանց դեմ էլ ապստամբում էր Եզնիկը՝ պնդելով, թե հիշյալ չորս տարրերն արարչության արգասիք են, երեւացող և նյութական, այսինքն՝ պաշտամունքի անարժան։ Ան- և չ- ժխտական նախածանցների օգնությամբ ստեղծում է յուրօրինակ բառազույգեր, որոնք աստվածայինի և չաստվածայինի, սրբազանի ու պիղծի բառային կերպավորումն էին՝ ասուն և անասուն, խօսուն և անխօսուն, մտաւոր և անմտաւոր, բանաւոր և անբանաւոր, ընտրեալ և անընտրեալ, էականք և չէականք, մշտնջենաւորք և չմշտնջենաւորք, արարածք և չարարածք:
Աստվածայինը, առաջնային ընկալմամբ, նախ այն է, ինչն օժտված է աստծո արարչագործ ուժով, զորությամբ, այսինքն՝ սրբազան է, մահկանացուները չեն կարող դիպչել:
Մեկ այլ օրինակ էլ բերեմ․ – եմ բայի ներկայի եզակի երրորդ դեմքի Է ձևը, որը գոյականի արժեք ունի՝ քրիստոնեական Աստուծո ամենատարածված նշանակումներից է, գրվում է մեծատառով, թեքվում է, հոդ ստանում՝ է-ն, է-ին, ունի իր հակոտնյան՝ չէ-ն, վերջինս հեթանոս, հեռացող, ընկած աստվածությունների բառ-խորհրդանիշն է: Հիշենք թևավոր խոսք դարձած հանրահայտ նախադասությունը երկրորդ գրքից. «… մեծի ծաղու արժանի է, զի չէրն չէին վասն չէին յաշտ առնէր»: (Մեծ ծաղրի է արժանի, որ որ չեղածը չեղածին չեղածի համար զոհ էր մատուցում):
«Եղծ աղանդոյն Մարկիոնի» գրքում Արդար ածականը դառնում է աստված բառի հոմանիշ, և աշխարհաբար թարգմանության մեջ Ա. Աբրահամյանը թեև թողնում է արդարբառը, բայց կողքին փակագծում ավելացնում է աստված բառը հասկանալիության համար, քանի որ այս բառի կրոնական իմաստն արդի արևելահայերենում ակնհայտ մթագնած է:
Անդրադարձել ենք նաև կրոնի իմաստային դաշտին պատկանող գրաբարյան գեղեցիկ բազմաբաղադրիչ դարձվածքների, ինչպես օրինակ՝ ամենագէտ գիտութիւն, անպակաս իմաստնութիւն, ամենարուեստ իմաստնութիւն, աղբիւր բարութեան (աստված բառի դարձվածային հոմանիշներ են), խոպանացեալ որթ (մեղսագործ մարդ) և այլն։
– Ի՞նչ եզրակացության եք հանգել հետազոտությունը կատարելիս։
– Մարդկության զարգացմանը զուգընթաց կրոնական և հավատալիքային նշանակություն ունեցող վաղնջական բառերի իմաստաբանական կառուցվածքը հստակ փոփոխությունների է ենթարկվում, որի հետևանքով գերբնականությունը քայլ առ քայլ հանգում է բնականության․ շատ բառեր, որոնք ի սկզբանե կրոնական իմաստ ունեին, աստիճանաբար վերածվում են ընդհանուր բառապաշարի միավորների, զուտ ծիսակրոնական բովանդակությունից զրկվելով՝ դառնում են բարոյական իրավական արժեքների, որակների նշանակումներ: Ինչպես օրինակ՝ բախտաւորութիւն, բարերարութիւն, բարկութիւն, իմաստնութիւն, ողորմութիւն, պատիժ, չար, բարի, կենարար և այլն։
Պետք է արձանագրենք, որ կրոնի, հավատալիքների իմաստային դաշտի բնիկ և փոխառյալ բառերը դասական գրաբարում զգալի թիվ էին կազմում, դրանք հայերենի բառապաշարի հիմնական բառաֆոնդին էին պատկանում, որովհետև այն դարերում երկնայինը և երկրայինը մարդկային կյանքի հիմքում էին, իրարից անբաժան: Այս տեսանկյունից Եզնիկի «Եղծ աղանդոց»-ը հավատալիքային մեր հնագույն բառապաշարի ուսումնասիրության բացառիկ սկզբնաղբյուր է: Այս երկում վկայված բառ-հասկացությունների մեծամասնությունը ժառանգել են ինչպես միջին, այնպես էլ նոր գրական լեզուները՝ արևելահայերենն ու արևմտահայերենը, նաև բարբառները՝ աննշան հնչյունական փոփոխություններով, բայց իմաստային մեծ տեղաշարժերով՝ հարստացնելով բառապաշարը:
– Ինչո՞վ է արդիական այսօր «Եղծ աղանդոց»ը։
Եղծ աղանդոցն, անշուշտ, այսօր էլ խիստ արդիական է և այդ արդիականությունը դրսևորվում է մի քանի տեսանկյունից․
Նախ՝ պաշտպանում է մարդու ազատ կամքը – Ըստ Կողբացու առկա չարիքը ոչ թե աստվածային, այլ մարդու ազատ կամքի արդյունք է, ըստ այդմ էլ կարևորվում է մարդու բարոյական պատասխանատվությունը։
2. Մերժում է սնահավատությունը – Կողբացին հիմնավորապես հերքում է աստղագուշակությունն, ճակատագրապաշտությունը ու հեթանոսական վերապրուկները։
3. Պայքարում է կեղծ գաղափարախոսությունների դեմ․ Աշխատությունը նախաձեռնում է ակտիվ պայքար բացասական ազդեցությունների, կեղծ արժեքների դեմ։
Այստ տեսակետից երկը բացառիկ նշանակություն ունի։
Եզնիկ Կողբացու աստվածաբանական, բանավիճային այս աշխատությունը V դարի հայ մատենագրության բացառիկ գործերից է ոչ միայն իր բովանդակությամբ, այլ նաև՝ լեզվական որակով, այն կանոնավոր է հստակ և գեղեցիկ։ համարվում է ոսկեղենիկ գրաբարի դասական նմուշ: V դարի հայ մատենագրության լեզվաոճական դասերին անդրադարձած բոլոր հայագետները ընդգծել են Եզնիկի երկի լեզվի կատարելությունը, պատահական չէ, որ Եզնիկի անվամբ է կոչվում առաջին դասը, որտեղ ընդգրկված են մեր թարգմանական գրականության մարգարիտները՝ Աստվածաշունչը, Հովհան Ոսկեբերանի, Կիւրեղ Ալեքսանդրացու մեկնությունների ու ճառերի մի մասը, դավանաբանական շատ այլ գործեր, այստեղ ինքնուրույն, ոչ թարգմանական միակ գործը՝ Եզնիկի «Եղծ աղանդոց»-ն է: Այս դասի երկերի լեզուն համարվում է բոլորից կանոնավորը, ճիշտը, հստակը, արվեստավորն ու գեղեցիկը։
Արմինե Մուքոյան
10.02.2026


Բաւականին լաւ լուսաբանական հարցազրոյց է։ վերջին հարցումի պատասխանը շատ գեղեցիկ ձեւով գրքին արդիակսնութիւնը ներկայացուցած է։Ինչ որ շատ կարեւոր նիւթ մըն է այս օրերուն։
Շնորհկալ եմ անդրադարձի համար։ Այո, այնպիսի կեղծ գաղափարախոսությունների, հավատքի ուրացման շրջան ենք ապրում, որ իսկապես այսօր՝ պետականության կորսման եզրին, շատ կաեւոր են մեր գիտնականների աշխատանքները