Դրոշներ, պայքար եւ վրեժ. 1904 թվականի Սասունի դեպքերը հայ ֆեդայիների լուսանկարների լույսի ներքո

Լեո Թորոսյանի «Ռուսական թակարդը հայ ֆիդայինների դեմ» հետազոտական հոդվածում ներկայացված լուսանկարների բացահայտումը առիթ է տալիս լուսանկարների լույսի ներքո անդրադառնալու 1904 թվականի Սասունի դեպքերին՝ բացահայտելով դրանց պատմական և գաղափարական նշանակությունը։

Ուոթերթաուն, Մասաչուսեթս կատարած այցի ընթացքում, հնարավորություն ունենալով աշխատելու Հայ Յեղափոխական Դաշնակցության արխիվներում, Լեոն կազմել է Հայկական հեղափոխական շարժման դրոշների լուսանկարների լայն ցանկ։ Ներկայացվող նյութը դրանցից մեկի մասին է, որը վավերագրված է նաև Լեո Թորոսյանի «Ռուսական թակարդը հայ ֆիդայինների դեմ» հոդվածում, և արտացոլում է 1904 թվականի Սասունի ապստամբության մի դրվագ՝ գերեվարված հայ ֆիդայինների լուսանկարների միջոցով։

Լեոն նույն պահին արված երկու լուսանկար է բացահայտել։

Առաջինում պատկերված է սպիտակ համազգեստով զինվորների խումբ՝ դրոշով, որը, հավանաբար, առգրավված է եղել։ Դրոշի վրա ընթեռնելի է

«Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ» և 1904 թվականը։ Զինանշանի վերին հատվածում նկատելի են վեց աղոտ աստղեր, որոնք խորհրդանշում են Օսմանյան կայսրության վեց հայաբնակ վիլայեթները։
Դրոշի առջև, գետնին նստած, երևում են շուրջ տասներեք գերեվարված տղամարդիկ՝ արտաքուստ հոգնած և ֆիզիկական ծանր վիճակում։

Կարճ ժամանակ անց արված երկրորդ լուսանկարում զինվորները շրջել են նույն դրոշը՝ ցուցադրելով հակառակ կողմը, որի վրա գրված է «ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»։
Երկու պատկերների համադրությունը ցույց է տալիս, որ դրանք արվել են նույն պահին․ ռազմագերիների դիրքը և դեմքի արտահայտությունները էական փոփոխության չեն ենթարկվել, իսկ տեղաշարժվել են միայն դրոշը պահող զինվորները։

Այս լուսանկարները վկայում են ֆիդայինների թե հերոսությունը, թե գերեվարման պահին ունեցած ծանր վիճակը, բայց, եւ հատկապես, ընդգծում հայկական հեղափոխական շարժման խորհրդանիշների՝ դրոշների և զինանշանների պատմական կարևորությունն ու գաղափարական բովանդակությունը։

Լուսանկարների պատմական համատեքստը վերակազմելու նպատակով Լեոն հղում է անում ֆրանսիական երկշաբաթաթերթ Pro Armenia-ի 1904 թ. համարներին, որը որպես ժամանակակից մամուլի աղբյուր հնարավորություն է տալիս վերականգնելու դեպքերի ժամանակագրությունն ու դրանց վերաբերյալ շրջանառվող մեկնաբանությունները։ Միաժամանակ նա հենվում է նաև Անդրանիկ Չելեպեանի «Դրո․ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարը արդի ժամանակաշրջանում» աշխատությանը, որտեղ ներկայացված փաստագրական նյութերն ու հիշողությունները լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում ժամանակաշրջանի քաղաքական և ռազմական իրադրության մասին։ Հետազոտության մեջ օգտագործվել են նաև այլ արխիվային և պատմագիտական աղբյուրներ, որոնք թույլ են տալիս համադրել լուսանկարները գրավոր վկայությունների հետ։

Հիմնվելով այս աղբյուրների վրա՝ Լեոն պարզել է, որ լուսանկարները արվել են Սասունի ապստամբության ժամանակ, 1904 թվականին, երբ Սասունի հայերը զինված ընդվզեցին թուրքական բռնատիրության և նրանց բնաջնջելու նպատակով իրականացվող թուրքական կառավարության վայրագ արշավանքի դեմ, որի ընթացքում թուրքական բանակի հրետանին և զորքերը ոչնչացրցին Սասունի «արծվի բները»՝ տասնյակ հայկական գյուղեր, քանդեցին մոտ 2 հազար հայ տուն, սպանեցին հազարավոր անմեղ հայերի, իսկ մոտ 8 հազար հայ գյուղացի ստիպված եղավ լքել էր իր բնօրրանը։

Սասունցիների պաշտպանությամբ հանդես չի եկել որեւէ մեծ տերություն։ Ռուսաստանը, մտահոգված լինելով Անդրկովկասում հեղափոխական շարժումների ակտիվացմամբ, շահագրգռված էր Արևմտյան Հայաստանում հարաբերական հանգստություն և կարգ պահպանելու մեջ։ Այդ պատճառով ցարական կառավարությունը տարբեր միջոցներով խոչընդոտում էր կովկասահայերի կողմից Սասունին օգնություն ցուցաբերելուն՝ մասնավորապես արգելելով նրանցանցնել Արևմտյան Հայաստան։

Այդ պայմաններում Հայ Յեղափոխական Դաշնակցության մարտիկները շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ Սասունի բարձունքներում և Մշո դաշտի գյուղերում, ներգրավված լինելով տեղական ինքնապաշտպանության գործողություններում։
Ապստամբության հետ կապված հիմնական խնդիրները լուծվել են ՀՅԴ «Դուրան-Բարձրավանդակ» կենտրոնական կոմիտեի ու այնտեղ գործող ֆեդայինների որոշումների միջոցով։

Սասունի 1904 թվականի ապստամբության հրամանատարական կազմը. ձախից աջ` կանգնած են Անդրանիկը, Մուրադը, Սեպուհը, նստած են Սեյտո Պողոսը, Ավոն, Կայծակ Առաքելը, Սմբատը

Դեռևս 1903 թ. աշնանը Սասունի, Գելիեգուզանի և Ռշկանի բարձունքներում, ինքնապաշտպանության ղեկավարներ Հրայրի, Անդրանիկի, Թորգոմի, Սեպուհի և այլոցմասնակցությամբ անցկացված ժողովում քննարկվել էր գոյամարտի պլանը։ Ժողովի արդյունքում ստեղծվել էր զինվորական խորհուրդ, իսկ գոյամարտի ընդհանուր հրամանատարությունը հանձնարարվել էր Անդրանիկին։ Նույն ժողովի առաջարկությամբ, Թորգոմը և Կայծակ Վաղարշակը մեկնում են Անդրկովկաս՝ զենք և զինամթերք բերելու նպատակով։ (Ա. Համբարյան, Սասունի 1904 թվականի գոյամարտը, 1989

1904 թ. մարտին Սասուն մեկնող Թորգոմի և Որսորդ Գևորգի 61 հոգուց բաղկացած «Որսկան» հայդուկային երկրորդ ջոկատի կազմում ընդգրկված էին մի շարք մտավորականներ, բժիշկներ, ուսանողներ և քահանաներ: Խմբի կազմում էր նաև Բաքվի հայ հարուստ ընտանիքներից մեկի` Հայրապետ Քալանթարյանի որդին՝ ՀՅ Դաշնակցության անդամ Լևոն Քալանթարյանը (Գիւլխանդանեան Ա, Բագուի մեր գործիչները, 1936

Ֆրանսիական երկշաբաթաթերթ Pro Armenia-ի, 1904 թ., սեպտեմբերի 1-ի համարը, որին հղում է անում Լեոն, նկարագրում է 1904 թվականի հունիսի 30-ի դեպքերը. «51 քաջ ֆիդայիններ, որոնք եկել էին Հայաստանի տարբեր շրջաններից, հավաքվել և սպասում էին Ռազմական խորհրդի վերջնական որոշումներին։ Մինչ երկու հեղափոխական առաջնորդներ Որսորդը և Թորգոմը զբաղված էին մարդկանց հաշվառմամբ և բաշխմամբ, գումարտակի հիսունամյա քահանա Տեր Ղազարը երիտասարդական եռանդով պատրաստում էր պատարագի նշխարը։ Երեկոյան պետք է մատուցվեր Սուրբ Պատարագ, և ֆեդայիները պատրաստվում էին հաղորդություն ստանալ»։ Եւ ապա թերթը հայտնում է, որ կեսգիշերին սկսվում է եկեղեցական արարողությունը. ֆեդայիները փոքր խմբերով հավաքվում են եկեղեցում և շարքով կանգնում խորանի առջև, իսկ ջոկատի դրոշները դրվում են խորանին՝ Պատարագից հետո օծվելու համար։

Հաջորդող դեպքերը զարգացան Օլթիի շրջանում։ Սահմանն անցնելուց հետո խումբը բախվում է ռուսական սահմանապահ զորամասերին և մտնում մարտի։ Միաժամանակ հակառակ կողմից կրակ են բացում նաև թուրքական ուժերը։ Այսպիսով խումբը հայտնվում է երկկողմանի կրակի տակ։

Ջոկատից Լեւոն Քալանթարյանը մոտենում է ռուս զինվորներին՝ բացատրելու, որ նրանց նպատակը Սասունին շտապ օգնություն հասցնելն է, սակայն նրան ձերբակալում են։ Երկրորդ պատվիրակին՝ ռուսական բանակի սպա Անուշավան Դիլանյանին եւս չի հաջողվում դադարեցնել տալ կրակը, չնայած նրա պնդումներին, որ հայերի կռիվը ռուսների դեմ չէ, այլ միայն թուրքերի։

Ռուսների նպաստավոր դիրքից քաջալերված թուրքերը սկսում են ավելի ուժգին ճնշել հայերին։ Վիճակը տեսնելով, Տեր Ղազարը, ձեռքին սպիտակ կտոր և բարձր պահած խաչը, շարժվում է դեպի ռուսները։ Գնդակները, սակայն, խոցում են և՛ քահանային, և՛ խաչը։ Մարտի ընթացքում զոհվում են հայդուկներից շատերը, այդ թվում՝ Թորգոմը։ Միայն քչերին է հաջողվում փրկվել, որոնց թվում նաև Լևոն Քալանթարյանին։

Գերի ընկածները ռուսական զորքի հրամանատար, գնդապետ Բիկովի հրամանով, թուրք զինվորների աչքի առաջ մորթոտվում են (Մ. Վարանդյան Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմություն, 1992, էջ 242

Իսկ արդեն Ֆրանսիական երկշաբաթաթերթ Pro Armenia–ն իր 1904 թ. սեպտեմբերի 15-ի համարում հայտնում է, որ Բրիկովը, իր «փառահեղ ձեռքբերումը» կենտրոնական իշխանություններին ներկայացնելու նպատակով, հրամայել էր լուսանկարել սպանված ֆեդայիների դիակները՝ որպեսզի դրանք ուղարկվեն Կարս, Թիֆլիս և Պետերբուրգ։ Այս լուսանկարներից երկու շաբաթ անց նույն թերթը հաղորդում է Բրիկովի հանկարծակի սպանության մասին։

Գնդապետ Բիկով

ՀՅԴ Կարսի Կենտրոնական կոմիտեն մահվան է դատապարտում գնդապետ Բիկովին։ Անձնազոհ մարտիկների պակաս չի լինում, սակայն, ինչպես գրում է Անդրանիկ Չելեպեանը իր «Դրո․Հայաստանի առաջին պաշտպանության նախարարը արդի ժամանակաշրջանում» աշխատությունում, առաջադրանքը վստահվում է տասնիննամյա Համո Ջանփոլադյանին, ով մեծահարուստ ընտանիքի զավակ էր, անկուսակցական եւ հեղափոխական գործունեության փորձ չուներ։

Ըստ նույն աղբյուրի՝ երիտասարդը ամիսներ շարունակ դիմել է Կարսի կոմիտեին՝ խնդրելով իրեն ուղարկել երկիր՝ մարտական գործողությունների մասնակցելու։ Սակայն կոմիտեի անդամները տարակուսում են՝ հաշվի առնելով նրա տարիքն ու փորձառության բացակայությունը։

Ձախից աջ՝ Սարհատ, Համո Ջանփոլադյան եւ Մարտիրոս Չարուխճյան

Թիֆլիսի Հ.Յ.Դ. Արևելյան բյուրոյի կողմից, Բիկովի մահափորձը կազմակերպելու նպատակով, Կարս է մեկնում Սևքարեցի Սաքոն։ Տեղեկանալով նրա ժամանման մասին՝ երիտասարդ Համոն դիմում է Սաքոյին՝ աղաչելով իրեն վստահել առաջադրանքի իրականացումը։ Սաքոն, համոզվելով երիտասարդի վճռականության և անկեղծության մեջ, և որպես Բյուրոյի լիազոր ներկայացուցիչ, որոշում է հանձնարարությունը վստահել նրան։

Համոն նախ ուսումնասիրում է Բիկովի շարժումները՝ ճշտելով նրա առօրյա երթուղիներն ու ժամանակացույցը։ Միաժամանակ Բիկովը, ենթադրելով, որ կարող է ենթարկվել հայերի կողմից վրեժխնդրության, սահմանափակում է իր տեղաշարժերը։ Խստացնում է նաեւ ճանապարհների հսկողությունը։ Սակայն Համոն կարողանում է շրջանցել պահակների հսկողությունը։ Դիմակավորված որպես աղքատ ներկարար՝ մաշված, մրոտ ու կեղտոտ հագուստով, նա տնետուն է շրջում՝ իբր աշխատանք որոնելու, ինչը հնարավորություն է տալիս ճշտելու Բիկովի տնից ակումբ գնալու ժամերը։

Եվ ահա մի երեկո, ակումբի ճանապարհին, Համոն որսորդական հրացանով կրակում է Բիկովին։ Գնդակը անմիջապես հասնում է նպատակին, և Բիկովը անշարժ ընկնում է գետնին։ Համոն չի փախնում։ Մոտենում է դիակին, ատրճանակով մի քանի գնդակ խփում կրծքին, և ապա հեռանում մոտակա անտառները։ Նրա հետքը գտնել չեն հաջողում։

Բրիկովը սպանվում է 1904 թվականի օգոստոսի 31-ին՝ ֆեդայիների կոտորածից մեկ ու կես ամիս անց։

Օսմանյան բռնապետության դեմ զենք բարձրացրած սասունցիներն ու նրանց կողքին կռվող հայդուկները դրսևորել են բացառիկ քաջություն և անձնազոհություն։ Սակայն ապստամբության հետևանքները ծանր էին․ Սասունն ու Դաշտի բազմաթիվ գյուղեր ավերվեցին, հարյուրավոր հայեր զոհվեցին թուրքական զորքերի և քուրդ զինված խմբերի գործողությունների հետևանքով։ Միջազգային հանրությունը հիմնականում անտարբեր մնաց տեղի ունեցող ողբերգությանը։

Սասունի պաշտպանների և օգնության շտապած առաջնորդների՝ Հրայրի, Անդրանիկի, Գևորգ Չավուշի, Սեբաստացի Մուրադի և մյուսների հերոսական պայքարը խոր հետք թողեց ազգային հիշողության մեջ։ Այդ պայքարը դարձավ դիմադրության օրինակ՝ հետագա սերունդների ազգային-ազատագրական գիտակցության ձևավորման և պայքարի պատրաստակամության ամրապնդման գործում։

Արմինե Մուքոյան
14. 02. 2026


Լեո Թորոսյանի հետազոտական հոդվածին (անգլերենով) կարող եք ծանաթանալու այս հղումով.
https://www.teotorosian.com/post/the-curious-case-of-a-russian-ambush-on-armenian-fedayis

Լեո Թորոսյանը ծնվել է Արգենտինայի Կորդոբա քաղաքում, մեծացել Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Նա իրավագիտության դոկտորի (Juris Doctor) թեկնածու է Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի Իրավաբանական քոլեջում (American University Washington College of Law)։ Ավարտել է ՄքԳիլի համալսարանը (Կանադա) (McGill University)՝ ստանալով Քաղաքագիտության բակալավրի աստիճան, ինչպես նաև ՄԱԿ-ի Վերապատրաստման և հետազոտությունների ինստիտուտը (United Nations Institute for Training and Research), որտեղ ստացել է «Հակամարտություն, խաղաղություն և անվտանգություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան։

Նրա մագիստրոսական թեզը՝ «Եվրոպական միության մոնիթորինգային ջանքերի արդյունավետության գնահատումը Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում», ուսումնասիրում է արտաքին մոնիթորինգային մեխանիզմների արդյունավետությունը աշխարհաքաղաքական բարդ միջավայրերում։

2020 թվականին նա հիմնադրել է «Teotorosian Initiative» անկախ հետազոտական նախաձեռնությունը, որը արխիվային և բազմալեզու աղբյուրների հիման վրա փաստագրում և վերակառուցում է քիչ ուսումնասիրված հայկական հեղափոխական դրոշներն ու խորհրդանիշները՝ հատուկ շեշտադրելով սկզբնաղբյուրների ստուգելիությունը, մեթոդաբանական թափանցիկությունը և հանրային մատչելիությունը։

4 thoughts on “Դրոշներ, պայքար եւ վրեժ. 1904 թվականի Սասունի դեպքերը հայ ֆեդայիների լուսանկարների լույսի ներքո”

  1. mary kalsahagian

    Արմինէ ջան, վարձքդ կատար: Լէօ Թորոսեանին ծանօթ չէի, իսկ Անդրանիկ Չէլէպեանը շատ լաւ կը ճանչնամ Քեսապցի է, մահացած է: Կարդացած եմ Դրոյի մասին իր գրած գիրքը: Նկատի ունենեալով իր անկուսակցական ըլլալը, չըսելու համար հակա, անաչառ ուսումնասիրութիւն մըն է գիրքը: Ահագին տեղեկութիւն փոխանցած ես ընփերցողին:

  2. Vrejouhi Dervichian

    Արմինէ,մեծ հաճոյքով կարդացի այս խիստ հետաքրքրական բացայայտումները։Վարձքդ կատար։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *