Հայերի առաջին ազգային բողոքի ձայնը Կանադայում. արժանապատվության պայքար օտար հողի վրա

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել է 1880–1890-ականներին, երբ Կանադա են մեկնել ուսանողներ, վաճառականներ և գյուղատնտեսներ, հիմնականում Արևմտյան Հայաստանի նահանգներից և Կիլիկիայից։ 

Հայ գաղթյալների առաջին կենտրոնները եղել են Օնտարիոյի Բրանթֆորդ, Համիլթոն, Սենթ Քեթրինզ քաղաքները։ Այստեղ նրանք զբաղվել են ամենածանր սևագործ բանվորությամբ՝ ձուլարաններում, գործարաններում։
Նրանք Կանադա չէին եկել հաստատվելու, այլ նրանց նպատակը պարզապես բավական գումար վաստակելն էր, որպեսզի կարողանային վերադառնալ հայրենիք, մարել կուտակած պարտքերը, վճարել զինվորական հարկերից ազատման վճարը և իրենց վաստակածը ներդնել իրենց տնտեսություններում։

Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը կոտրեց հայրենիք վերադառնալու բոլոր հույսերը, որին նաև ավելացավ Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ տարածքներում թուրքական իշխանությունների կողմից սկսված հայ բնակչության զանգվածային բնաջնջման քաղաքականությունը։

Չնայած շատերն, այնուամենայնիվ, վերադարձան հայրենիք՝ իրենց հարազատներին գտնելու նպատակով, սակայն ենթարկվեցին բռնագաղթի կամ ֆիզիկական ոչնչացումից խուսափելու նպատակով հարկադրված լքեցին իրենց օջախները և դարձան գաղթական։

Հանգամանքների բերումով որքան նվազել է հայրենիք վերադարձի հույսը, այնքան նրանք սկսել են ինքնակազմակերպվել որպես համայնք, ակտիվորեն մասնակցել օտար երկրում հայության իրավունքների պաշտպանության և գաղափարական գործունեությանը։ 

Կանադական միջավայրում նրանք ստիպված են եղել շատ բան սովորել հատկապես երեխաների դաստիարակության գործում: 

Կանադայում հայերն ունեցել են ներքին կուռ համախմբվածություն, համայնքի չգրված օրենք՝ դժվարին պահերին միմյանց օգնություն ցուցաբերելը եղել է բարոյական պարտավորություն:

Կանադայում հայ համայնքի կազմակերպված գործունեության պատմությունը սերտորեն կապված է նաև Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) հետ, որի գործունեությունը սկսվել է գրեթե համայնքի ձևավորմանը զուգահեռ։ Ըստ ՀՅԴ արխիվների, առաջին կոմիտեն հիմնադրվել է Բրանթֆորդում 1902 թ.[1]։ 1907 թվականին ՀՅԴ-ն Կանադայում արդեն ուներ կոմիտեներ Հեմիլթոնում, Բրենթֆորդում, Սենթ Քաթերինսում և Կալթում։ Հիմնական գործունեությունը եղել է համայնքը համախումբ պահել, աջակցել նրա կարիքներին և մշտարթուն պահել հայրենիք վերադառնալու գաղափարը։

1907 թ․ «ՀԱՅՐԵՆԻՔ» թերթի Մարտ 2 հրապարակումով ծանոթանում ենք նույն թվականին Հեմիլթոնի և Բրենդֆորդի Հ․Յ․Դ Կոմիտեների հրապարակային ժողովների մասին, ուր ներկայացվում է Հայաստանի անցեալն ու ներկան և պատմական փաստերով հաստատվում, որ «մեր փրկութեան յոյսը ըլլայ զէնքը և ուժը»  և որ. «մեր բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է և եթէ ծնունդս օտար երկիր եղած է, իմ արիւնս հայ քաջերու արեան հետ խառնուելով Հայաստանի լեռներն ու դաշտերը պիտի ներկէ։ Ուրեմն մեր միակ յոյսը յեղափոխութիւնը թող ըլլայ ու ձեռք ձեռքի տալով կռուինք բռնակալ թուրքին դէմ փրկելու համար թշուառ հայրենիքը։ Եթե չծնանք ազատ, գէթ մեռնինք ազատ»[2]։ 

Արդեն 1914 թ. համայնքում բացվում է հայկական հրաձգային ակումբ (տես նկար 1), որի մասին Brantford Daily Courier, November 25, 1914-ի համարը գրում է. «գաղափարն է ստեղծել հրացանային ակումբներ ժողովրդի համար բոլոր հարակից քաղաքներում, որպեսզի նրանք պատրաստ լինեն, երբ հնչի կանչը պայքարելու իրենց ճնշող թուրքի դեմ։ Հայերը ակնկալում են, որ ազատության համար պայքարելու կանչը կարող է հնչել ցանկացած օր, և նրանք պատրաստ են դրան։ Նրանց կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն», փորագրված է յուրաքանչյուր հայի սրտում՝ խոր ատելությամբ թուրքի հանդեպ։ Այս խանդավառությունն ու վճռականությունը ոչ մի զարմանալի բան չէ, որ հայերը մեծ եռանդ ու նվիրումով են մասնակցում իրենց մարզումներին»3։

Բացի ռազմական պատրաստությունից, հայ համայնքը ակտիվ է եղել նաև հասարակական կյանքում։ 1915-ի մայիսին Բրենթֆորդում լույս է տեսնում «Ազատ Հայաստան» հրատարակությունը,(տես նկար 2) որը նպատակ ուներ անդրադառնալ հայ համայնքին հետաքրքրող հարցերին, մասնավորապես՝ Հայաստանը թուրքական լծից ազատագրելու շարժմանը։ 

Համայնքի ձևավորման սկզբնական շրջանում, երբ չի եղել տեղական հայ մամուլ` գրքեր, պարբերականներ, թերթեր բերել են Բոստոնից, Նյու Յորքից, Ժնևից, Կոստանդնուպոլսից, Թիֆլիսից, Վենետիկից և Վիեննայից: Թերթերի և պարբերականների ծառայել են նաև որպես դասագրքեր։ 

Համայնքում ամենաընթերցվող թերթերն են եղել ՀՅԴ խոսնակ համարվող «Հայրենիք» թերթը և «Երիտասարդ Հայաստան» թերթը։ Վերջինս համարվում էր հնչակյան կուսակցության ձայնը։ 

Գաղթական հայությանն ազգային խնդիրներին ծանոթացնելու, հայրենիքից լուր առնելու կարևոր և գրեթե միակ միջոցը, ինչպեսև հայրենիքի կարիքներին հասնելու ձայնը թերթերն էին։

Բրենթֆորդի տեղական թերթերում՝ Brantford Daily Courier, The Brantford Daily Expositor, 1902-1918թթ համարներում հանդիպում ենք հայերի կյանքի մասին լուսաբանումների, ինչպես օրինակ 1906 թվականին 100 հայ բանվորների գործադուլը՝ «Malleable Iron Works»-ում, աշխատավարձի հավելում պահանջելու հարցով։ Կարդում ենք, թե ինչպես են սկզբնական շրջանում նրանք բախվել նաև ռասայական խտրականության՝ տեղական աշխատակիցների կողմից հատկապես նրանց հակազդելու պատճառով4։

Իսկ ահա 1915 թ. ձուլարանի հայ բանվորները սարսափով լսում են, թե ինչպես են Օսմանյան կայսրությունում կոտորում իրենց հայրենակիցներին։ Աշխատելով արդեն իսկ դժվար պայմաններում՝ երկաթի ձուլման ծանր աղմուկի մեջ,  նրանք վայր են դնում իրենց գործիքները և հրաժարվում են աշխատել նույն գործարանում աշխատող թուրք բանվորների հետ5։

Աշխատավայրում նման հանդուգն վարքագիծը հակասում էր նրանց համոզմունքին. նրանք մտածում էին, որ օտար հողի վրա պետք է լռեն, հարմարվեն, շարունակեն աշխատել և մնալ աննկատ՝ միայն թե գոյատևեն, բայց նրանք ընտրեցին արժանապատվությունը՝ ոչ թե վախը։

Քանի որ այդ ժամանակ ձուլագործների մեծ մասը հայեր էին, նրանք այդ քայլով փաստացի դադարեցրին գործարանի աշխատանքը։ Նույնիսկ աշխատանքը կորցնելու կամ արտաքսվելու սպառնալիքը չվախեցրեց և չկանգնեցրեց նրանց։ Արդյունքում արտադրությունը կանգնեցվեց, իսկ գործարանի ղեկավարությունը հայտնվեց ճնշման տակ և, ի վերջո, ստիպված եղավ զիջել և հեռացնել թուրք բանվորներին6։

Երբ օրահացով հազիվ ապրող հայ բանվորները վայր դրեցին իրենց մուրճերը, հակազդեցին ռասիզմին, խոսեցին իրենց իրավունքներից, հենց այդ պահին Կանադայում առաջին անգամ հնչեցին հայության բողոքի ձայները։ Նրանք կանադական հասարակության մեջ բարձրացրին իրենց խնդիրը, պաշտպանեցին իրենց արժանապատվությունն ու ուժեղացրին ազգային հավաքական ինքնագիտակցությունը։ Այս ամենը ցույց է տալիս, որ անգամ օտար հողի վրա հայը կարող է պահպանել իր ազգային ինքնությունն ու պաշտպանել սեփական արժանապատվությունը։

Փաստորեն, ձուլարանի աղմուկի մեջ նրանց բողոքը եղավ սահմանափակ, բայց խորը իմաստով հեղափոխություն. նրանք հիմք դրեցին այն համարձակ ոգու ծնունդին, որի հիմքի վրա հետագայում պետք է ձևավորվեր կանադահայ համայնքը, ու հենց այդ պահից հայը Կանադայում այլևս չեղավ պարզապես գաղթական, նա սկսեց վերածվել իր արժանապատվությունն ու ինքնությունը գնահատող և դիմացինին հարգել պարտադրող հայի՝ հանուն իր ժողովրդի, իր պատմության և իր ապագայի։

Արմինե Մուքոյան
26 Նոյեմբեր, 2025 

[1] Գէորդ Տօնապետեան, Հ.Յ.Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ Ա. Հատոր (1895-1909) էջ 260
[2] Տե՛ս  «Հայրենիք», 1907, Մարտի 2, էջ 6
[3]“Brantford Daily Courier», November 25, 1914, p. 54
[4]“The Brantford Daily Expositor, Nov. 7, 1904, p. 1.
5 Armenians in Ontario IN: (Polyphony: Bulletin of the Multiculturual History Society of Ontario : Armenians in Ontario) p 62:
6 Տե´ս նույն տեղում

Կարող եք կարդալ նաեւ ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2026թ առաջին համարում https://www.arfd.am/wp-content/uploads/2026/01/%D4%B4%D6%80%D6%85%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-1-2026-%D5%A9.pdf

Նկար 1

Brantford Daily Courier: 44th Year, November 25, 1914
Բրանթֆորդ Դեյլի Քուրիեր, 44-րդ տարի, Նոյեմբերի 15, 1914

Brantford Daily Courier: Forty-Fifth Year, July 15, 1915

Բրանթֆորդ Դեյլի Քուրիեր, 45-րդ տարի, Հուլիս 15, 1915

The Brantford Daily Expositor, Nov. 7, 1904

Բրանթֆորդ Դեյլի Էքսփոզիթոր, Նոյեմբեր 7, 1904

Brantford Daily Courier: Forty-Fifth Year 1915

Բրանթֆորդ Դեյլի Քուրիեր, 45-րդ տարի, Մայիս 17, 1915

Նկար 2
Brantford Daily Courier, Forty-Fifth Year ( May 17, 1915)
Բրանթֆորդ Դեյլի Քուրիեր, 45-րդ տարի, Մայիս 17, 1915

Ազատ Հայաստան թերթի առաջին համարը, Մայիս, 1915թ

Հայ բանվորներ. Բրենթֆորդի «Cockshutt Plow Works» գործարան
(Նկարը՝ «Բրենթֆորդի հիշողությունները» հանրային մշակութային/ժառանգության/կրթական նախագիծից)

Հայ բանվորներ. Բրենթֆորդի «Cockshutt Plow Works» գործարան (Նկարը՝ «Բրենթֆորդի հիշողությունները» հանրային մշակութային/ժառանգության/կրթական նախագիծից)

Բրենթֆորդ հասած հայ գաղթականներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *