Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսը Սենտ Կաթրինզի սրտում. Կանադայի առաջին հայկական եկեղեցին

Հայաստանյաց առաքելական եկեղեցին միշտ առանցքային դեր է ունեցել Սփյուռքի հայկական համայնքների հոգևոր, հասարակական կյանքում՝ նպաստելով համայնքների ազգային նկարագրի պահպանմանը, հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։

1898 թուականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Մկրտիչ Ա՝ Խրիմեան Հայրիկի տնօրինութեամբ հիմնադրվում է Ամերիկայի հայկական եկեղեցին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի մեջ նորածիլ հայկական համայնքների հոգևոր ու մշակութային կյանքի կարիքները հոգալու համար: 

Կանադայի հայերի մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն։ Կանադայի հայ գաղութը համախմբող եկեղեցական կառույցները սկսել են կազմավորվել 1940-50-ական թթ.:

St. Catharines (Սենտ Կաթրինզ) համայնքը, որը սկզբնապես ձևավորվել էր հիմնականում արական սեռի գաղթականներից, ժամանակի ընթացքում աստիճանաբար վերածվեց ընտանեկան համայնքի։ Եղեռնի տարիներին իրենց կանանց կորցրած տղամարդիկ կրկին ամուսնացան, ընտանիքներ կազմեցին, տներ ձեռք բերեցին։ Նրանք սկսեցին ջանասիրաբար աշխատել՝ իրենց համայնքը կայուն ու կազմակերպված դարձնելու համար։

Թեև կարևոր էին համարում, որ իրենց երեխաները հաճախեն կանադական դպրոցներ, սովորեն անգլերեն լեզուն և ճանաչեն կանադական սովորույթներն ու վարքագիծը, նրանց համար առավել կենսական էր չկորցնել իրենց հնագույն ժառանգությունն ու ազգային ինքնությունը։ Այդ նպատակով նրանք որոշում են հիմնել դպրոց և մշակութային կենտրոն։

Այս ընթացքում Տորոնտոյի Կանադայի հայկական միության նախագահ Լևոն Բաբայանը, օգտագործելով իր հեղինակությունն ու ազդեցությունը, առաջարկում է վերանայել նախնական ծրագիրը և կառուցել եկեղեցի՝ որպես համայնքային կյանքի առանցք, որը կարող էր առավել մեծ դեր ունենալ համայնքի ամրապնդման գործում։

Լեւոն Բաբայան

1929 թվականին համայնքը կազմակերպում է հանրային ժողով՝ եկեղեցի կառուցելու հարցը քննարկելու համար։ Առաջարկվում էր եկեղեցու վերևում ստեղծել վարժարան և համայնքային կենտրոն։ Քննարկումների արդյունքում համայնքը միաձայն ընդունում է այս որոշումը։

Նշենք, որ թեև համայնքը դեռևս եկեղեցական շենք չուներ, Սենտ Կաթրինզի հայերը արդեն քսաներորդ դարի երկրորդ տասնամյակի վերջին ընտրել էին ծխական խորհուրդ։ Համայնքի հոգևոր կյանքը կազմակերպվում էր Նյու Յորքի Հայոց թեմի միջոցով։ Տարվա ընթացքում մի քանի անգամ թեմը հոգևորականներ էր ուղարկում՝ Սուրբ Պատարագ մատուցելու, որին մասնակցում էր գրեթե ամբողջ համայնքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ կատարելու հաղորդության այլ ծեսեր՝ մկրտություն, պսակ կամ թաղում։

Արարողությունները սովորաբար իրականացվում էին անգլիկան եկեղեցիներում։ Ժամանակի ընթացքում համայնքը սկսում է ձևավորել իր ներքին կառույցները՝ ծխական խորհուրդը, երիտասարդական և կանանց միությունները, իսկ որոշ դեպքերում նաև ծխական երգչախումբ, որը կազմված էր թե՛ կանանցից, թե՛ տղամարդկանցից։

Չնայած համայնքի սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին՝ եկեղեցու կառուցման ծրագրի իրագործման համար Սենտ Կաթրինզի հայերը կարողանում են իրենց սուղ միջոցներից գումարներ հատկացնել եկեղեցու հիմնադրման նպատակով։ Նրանք սկսում են դրամահավաքի կազմակերպված արշավ։

Հիգուս Թորոսյանը (UAW-ի Local 199-ի հիմնադիր անդամներից և տեղի կրթական հանձնաժողովի ամենաակտիվ գործիչներից մեկը), իր «Առաջին հայկական եկեղեցին Կանադայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» գրքում նշում է, որ համայնքը կարողանում է հավաքել 8,989 դոլար։ Մնացած ծախսերը հոգալու համար Լևոն Բաբայանը վերցնում է 4,000 դոլարի հիփոթեք, որը մարվում է յոթ-ութ տարվա ընթացքում՝ եկեղեցու դահլիճում կազմակերպված տարբեր միջոցառումներից գոյացած եկամուտներով։

Այդ նվիրվածության և պատասխանատվության համար Պապայանը հետագայում նույն եկեղեցում կազմակերպված միջոցառման ժամանակ արժանանում է համայնքի ոտնկայս ծափահարություններին։

Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1930 թվականի նոյեմբերի 30-ին՝ Հայ Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տիրայր արքեպիսկոպոս Տեր Հովհաննիսյանի ձեռամբ։ 

Եկեղեցու կնքահայր լինելու պատիվը տրվել է Լևոն Բաբայանին, ով այն անվանել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ ի պատիվ Հայոց Եկեղեցու առաջին կաթողիկոսի, այն սրբի, որի միջոցով Հայաստանում քրիստոնեությունը հաստատվեց որպես պետական կրոն։

1938 թվականին եկեղեցու տարածքը ընդլայնվել է՝ հարակից չորս գույքի ձեռքբերմամբ։

Հիգուս Թորոսյանի վկայությամբ՝ այդ տարիներին համայնքը բաղկացած էր մոտ իննսունհինգ ընտանիքից կամ շուրջ չորս հարյուր անդամից։ Այն ուներ շուրջ ութ կազմակերպություն, որոնք առանց բացառության աջակցում էին թե՛ եկեղեցուն, թե՛ դպրոցին։ Եկեղեցու անդամների թիվը 1930 թվականի 68-ից 1934 թվականին հասել է 108-ի, ինչը վկայում է համայնքի աստիճանական կայացման և կազմակերպված կյանքի մասին։

Հիգուս Թորոսյանի տվյալներով՝ այդ ժամանակ համայնքը բաղկացած էր մոտավորապես իննսունհինգ ընտանիքից կամ շուրջ չորս հարյուր անդամից։ Այն ուներ մոտ ութ կազմակերպություն, որոնք առանց բացառության աջակցում էին թե՛ եկեղեցուն, թե՛ դպրոցին։ Եկեղեցու անդամների թիվը 1930 թվականի 68-ից 1934 թվականին հասել է 108-ի։

1930–1934 թվականներին Սուրբ Պատարագները մատուցվում էին բացառապես հայերենով։ Հիսուն տարվա ընթացքում այս սովորույթը որոշակի փոփոխության է ենթարկվել. այսօր ևս պատարագը մատուցվում է հայերեն, սակայն քարոզի մի մասը հնչում է անգլերենով։ Այնուամենայնիվ, ավանդական եկեղեցական սովորույթները պահպանվել են։ Մեծ կարևորություն է տրվել պատշաճ զգեստավորմանը, իսկ կրոնական ծեսերը՝ խունկ վառելը, մոմեր վառելը և հաղորդությունը, կատարվել են հին ավանդույթի համաձայն։

Եկեղեցին ոչ միայն փորձել է կրթել երիտասարդներին, այլև բավարարել ավագ սերնդի մտավոր ու մշակութային կարիքները, եւ այդ նպատակով հիմնել է հայկական գրադարան, ուր կարող էին անվճար գրքեր կարդալ, կարող էին գրքերը նաև տուն տանել՝ շաբաթական 5 դոլար յուրաքանչյուրի համար վճարումով: Ընթերցասրահում հանրությանը հասանելի են դարձել նաև հայկական թերթերն ու պարբերականները։ Եկեղեցու ներքնահարկը օգտագործվում էր ողջ համայնքի կողմից տարբեր միջոցառումների համար: Շաբաթական երեք երեկո այն օգտագործվում էր դպրոցի համար, մնացյալ օրերը՝ եկեղեցական խմբերի և քաղաքական կուսակցությունների, միությունների հանդիպումների համար. Պարզապես համայնքի ժամանցի, մշակութային միջոցառումների համար։ 

Բացի կրոնական, կրթական, սոցիալական ու մշակութային գործառույթներից, ծխական խորհուրդը, որը կազմված էր համայնքում հարգանք վայելող անձերից, ուներ ժամանակին հարգանք վայելող առաջադրանք՝ համայնքում տարաձայնությունները հասցնել նվազագույնի, վերահսկել թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց բարոյական վարքագիծը և օտարների (ոչ հայերի) ներկայությամբ ամոթալի պահվածքից խուսափելու նպատակով ծխական խորհուրդը գործում էր նաև որպես վերաքննիչ դատարան: 

Ծխական խորհուրդը համարվում էր փոքր համայնքի խիղճը, որը հստակ պատկերացում ուներ, թե որն է ընդունելի վարքագիծը և որը` ոչ: Այն հիմնված էր ինչպես կրոնական ուսմունքի, այնպես էլ գործնական նկատառումների վրա: 

Այսպիսով Սենտ Կաթրինզ ծխական համայնքը համախմբված էր ներդաշնակության ոգով, որպես ամուր համայնք ընդհանուր հիմք դրեց Կանադայում հայ մշակույթը պահպանելու և առհասարակ հայապահպանության համար:

Արմինե Մուքոյան
2021

Օգտագործված աղբյուրներ.
Թորոսյան Հ., Առաջին հայկական եկեղեցին Կանադայում. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Պոլիֆոնիա,
Օնտարիոյի բազմամշակութային պատմության տեղեկագիր. Հայերն Օնտարիոյում, 1982, էջ 87:
https://armenianchurch.ca/archives/3244
https://stcatharinesmuseumblog.com/2025/04/02/history-from-here-st-gregory-the-illuminator-armenian-church-at-49-carlton-st/

Նկարները՝ St. Catharines Museum and Welland Canals Centre պաշտոնական էջից

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *