Կարդում եմ՝ «Հայաստան» դաշինքի անդամները, դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել հայրենադարձ մեր հայրենակիցների հետ, խոսել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։
Եւ այս ֆոնին սկսվեց իշխանական ապազգային քարոզչամեքենայի գործարկումը՝ գլխավոր «քննադատական» թիրախ ունենալով՝ «սփյուռքը սաղ (բոլորը) դաշնակ են, Սփյուռքի Դաշնակցության իշխանությունը պիտի ջարդել»։
Պառակտելու, բաժանելու, վարկաբեկելու քարոզչական այս փորձերը արդեն իսկ փաստում են Դաշնակցության ուժն ու ազդեցությունը, միասնականություն ստեղծելու կարողությունը, ավելին՝ նպատակը։
Ապազգային տարրերը իրենց «Սփյուռքի Դաշնակցության իշխանություն» գնահատականում ճիշտ են, փաստարկված, հիմնավոր ճիշտ են և, ի տարբերություն հայրենի իշխանության, որ իշխանությունն ուղղակի բռնազավթել է, Սփյուռքի Դաշնակցության իշխանությունը հայությունը ձեւավորել է ճիշտ այնպես, ինչպես 1918-ին, երբ իր արյամբ կերտեց հայոց պետականությունը, որն այսօր քանդում է հայրենի իշխանությունը։
Սփյուռքի Դաշնակցության իշխանությունը ժողովրդի վստահությամբ և միասնությամբ է, ոչ երբեք ՀՀ իշխանության զավթիչների կամ բռնազավթած կառույցների կուլիսային խարդավանքով։
Հայրենի իշխանության եւ Սփյուռքի Դաշնակցության իշխանության տարբերությունն այն է, որ Սփյուռքի Դաշնակցության իշխանությունը միավորում է հայությանը՝ հայրենիքի, հայկական ինքնության, մշակույթի և ազգային շահերի շուրջ, իսկ հայրենի իշխանության պարագային ճիշտ հակառակն է, այն պառակտում է հայությանը, խաթարում ազգային համերաշխությունը, թուլացնում ազգային արժեհամակարգը, ծառայում թշնամու շահերին։
Սփյուռքի Դաշնակցության իշխանությունից թշնամին վախենում է, իսկ թշնամուց վախենում է հայրենի իշխանությունը։
135 տարի սփյուռքը Դաշնակցության իշխանությունն ընտրել է վաստակած հեղինակության, իրական գործի և ապացուցված վստահության համար։ Սփյուռքի հայության կարիքները հոգացել է ո՛չ թե որեւէ ժամանակների հայրենի իշխանությունները, այլ հե՛նց դաշնակցությունը, նրանց ֆիզիկական ու իրավական պաշտպանությունը կազմակերպել է ո՛չ թե որեւէ ժամանակների հայրենի իշխանությունները, այլ հե՛նց դաշնակցությունը, նրանց հայեցի կրթությունն ու ազգային մշակույթն ապահովել է ո՛չ թե որեւէ ժամանակների հայրենի իշխանությունները, այլ հե՛նց դաշնակցությունը, նրանց հավատքի ամրոցին՝ հայոց եկեղեցուն, սատար է եղել հե՛նց դաշնակցությունը։
Այո, ես ընդունում ու ընտրում եմ դաշնակցության իշխանությունը, որովհետեւ, ի տարբերություն հայրենի իշխանության, այն պայքարել է ու պայքարում է իմ՝ հայիս դատի համար, չի մոռանում, չի մերժում և չի ուրանում Հայոց Ցեղասպանությունը և ամուր կանգնած է միջազգային ճանաչման համար, որովհետեւ, ի տարբերություն հայրենի իշխանության, չի փակում Արցախի հարցը, այլ պարտադրում է Արցախի հարցն աշխարհին, չի ջնջում հայության հետքը, պատմական հիշողությունը, ազգային արժեհամակարգը, այլ պահում, կերտում ու տարածում է։
Եվ որովհետև այն նույն հավատարմությամբ կանգնած է նաև Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և ազգային շահերի պաշտպանության դիրքում՝ տեսնելով Հայաստանը որպես ուժեղ, արժանապատիվ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն։
Եվ Դաշնակցության ազգին ու հայրենիքին հենց այս անփոփոխ հավատարմությունն է, որն սփյուռքահային տալիս է վստահություն ընտրելու Դաշնակցության առաջնորդությունը՝ որպես հայի ու հայրենիքի ուժ, որպես միասնության և ազգային ինքնության երաշխիք, ոչ միայն սփյուռքում, այլ նույնքան նաև Հայաստանի Հանրապետությունում։
Արմինե Մուքոյան
26.03.2026

Հոդվածի ամբողջական վերահրապարակումը թույլատրվում է միայն հեղինակի և աղբյուրի պարտադիր նշմամբ՝ ակտիվ հղումով դեպի սկզբնաղբյուր էջը, ինչպես նաև տեքստի անփոփոխ և առանց խմբագրումների պահպանման պայմանով։

