Փոքր նավը մեծ օվկիանոսում․ մեր ինքնությունը

Դասարանում անսովոր լռություն էր տիրում։ 
Սովորաբար աղմուկ է, շշուկներ ու հեռախոսների թաքուն լույսեր, բայց այսօր բոլորը հանգիստ էին։

Պատերին կախված էր Մեծ Հայքի քարտեզը, հայերեն այբուբենը, Արարատի նկարը, իսկ ուսուցչի սեղանին հպարտորեն դրված էր Արցախի փոքրիկ դրոշը։ Այս ամենը ասում էր մեկ բան․ սա սփյուռքի ազգային վարժարան է՝ վայր, որտեղ փորձում էին պահել այն, ինչը դրսում հեշտ էր կորցնել։

Այստեղ հավաքված աշակերտներից շատերը տանը հայերեն էին խոսում, ոմանք՝ հազվադեպ, ոմանք էլ հայերեն սովորում էին հենց այս լուսավոր դասասենյակում։ Դրսի աշխարհը նրանց հետ ուրիշ լեզվով էր խոսում, ուրիշ օրենքներով էր ապրում, բայց այս դասարանում ամեն ինչ այլ էր։

– Երևակայեք,- ասաց ուսուցիչը,- որ դուք փոքրիկ նավ ունեք մեծ օվկիանոսի մեջ։ Օվկիանոսն ամբողջ աշխարհն է, նավը՝ քո ազգը։ Եթե նավը չունի իր ուղղությունը, ալիքները նրան կտանեն ուր ուզեն։ Բայց եթե նավը գիտի՝ ուր է գնում, նույնիսկ մեծ ալիքների մեջ չի անհետանա։

Երեխաները ուշադիր լսում էին։ Մեկը պատկերացնում էր նավը, մյուսը՝ իր աշխարհը, մեկ ուրիշը՝ իրկյանքը դրսի ու ներսի աշխարհի միջև։

Այդ պահին սփյուռքի ազգային վարժարանի այդ լուսավոր դասարանը նավի էր նմանվել․ բոլորըփորձում էին հասկանալ՝ ովքե՞ր են, ինչու՞ են այստեղ եւ ու՞ր են գնում։

– Հայ ժողովուրդը հենց այդպիսի փոքր նավ է եղել դարերի ընթացքում, – շարունակեց ուսուցիչը։ -Ազգային ինքնությունն այն է, որ ասում է՝ ովքեր ենք, որտեղից ենք գալիս։

Ուսուցիչը հայացքը անցկացրեց դասարանով ու հարցրեց․

– Իսկ ձեզ համար ի՞նչ է ազգային ինքնությունը։

Պատասխանները երկար չսպասեցրին։ Մեկը ասաց՝ հայ ըլլալը, մյուսը՝ հայերէն խօսիլը, երրորդըհիշեց հայոց պատմությունը։

Ուսուցիչը մեղմ ժպտաց ու շարունակեց․

– Այո՛։ Մեր լեզուն, մեր եկեղեցին, մեր պատմությունը, մեր մշակույթը, երգը, պարը, գիրը՝ այս բոլորըմիասին մեր ինքնությունն են՝ հայերիս ապրած կյանքը։ Եվ որպեսզի այդ կյանքը շարունակվեր, մենք ստեղծեցինք ու պահպանեցինք՝ ինչպես, օրինակ, մեր գրերը։

Երեխաները լուռ լսում էին, իսկ ուսուցիչը շարունակում էր։

– 5-րդ դարում Հայաստանը փոքր պետություն էր մեծ կայսրությունների մեջ։ Բոլորը խոսում էին իրենց լեզվով, գրում՝ իրենց գրերով, իսկ մենք՝ հայերս, չունեինք մեր սեփական այբուբենը։ Այդ ժամանակ Մեսրոպ Մաշտոցը հասկացավ մի պարզ ճշմարտություն՝ եթե ժողովուրդը չունի իր գիրը, կկորցնի ինքնությունը։ Եվ նա ստեղծեց հայոց այբուբենը։

– Լավ հարց է, մտածենք միասին, – պատասխանեց ուսուցիչը։ – Պատկերացրու՝ դասարանում 25 երեխա կա, 23-ը նույն լեզվով են խոսում, նույն երգերն են լսում, նույն խաղերն են խաղում։ Դու ուրիշ ես։ Եթե դու չեզոք մնաս, չհամարձակվես լինել ինքնուրույն, շատ արագ կդառնաս «նրանց նման»։ Ոչ թե որովհետև վատ է, այլ որովհետև հեշտ է։ Բայց հիմա մտածի՛ր․ եթե բոլորը նույն գույնի մատիտ լինեն, իսկ դու միակ կապույտը լինես, խնդիր է՞ դա, թե՞ արժեք։ 

– Ատի աղւոր է, ես կըլլամ յատուկ, ամէն մարդ իմ մասին պիտի խօսի, – կատակեց աշակերտը։

Ուսուցիչը ժպտաց ու շարունակեց.

-Լինել տարբերը հեշտ չէ, բայց հենց այդ տարբերկությունն է քո պատմությունը, քո ուժը, քո արժեքը։ Հետեւաբար կապույտ մատիտն իր տեղն ունի ամբողջ նկարի մեջ՝ թեկուզ փոքր, բայց առանց որի պատկերն ամբողջական չէ։ Փոքր ազգերն էլ նման են այդ մատիտին. երբ մեծերի աշխարհում աչքի չեն ընկնում, շատ հեշտ է կորցնել այն, ինչը նրանց առանձնացնում է։ Ու նրանք, ինչպես այդ մատիտը, միշտ պայքարում են, որ իրենց յուրահատուկ գույնը մնա կենդանի՝ չկորչի ու չմոռացվի։

– Գանատացի, ամերիկացի ըլլանք, վերջանանք, — կատակեց աշակերտներից մեկը։

Ուսուցիչը մեղմ ժպտաց։

– Քեզ ոչ ոք չի արգելում կանադացի կամ ամերիկացի լինել, – ասաց նա։ – Բայց հարցը սա է՝ ինչպիսի՞ կանադացի կամ ամերիկացի։ Դու կարող ես խոսել անգլերեն, ապրել այդ երկրի օրենքներով և միաժամանակ հայ լինել։ Բայց եթե ամբողջությամբ հրաժարվես քո լեզվից, պատմությունից ու հիշողությունից, դու ոչ թե պարզապես կանադացի կամ ամերիկացի կդառնաս, այլ մարդ՝ առանց պատմության։ Իսկ մարդը, ով չի գիտակցում, որտեղից է գալիս, դժվար է հասկանում՝ ուր է գնում։

– Ինչպէ՞ս չես հասկնար այս պարզ բանը, — նախատեց մեկ ուրիշ աշակերտ, – հայ ըլլալդ պիտի ուրանաս։

– Մեր ինքնությունը բեռ չէ, որ պիտի մեր ուսերից գցենք, – ասաց ուսուցիչը, – այն մեր ուղեցույցն է,ցույց է տալիս՝ ով ենք և ուր ենք գնում։ Մենք պայքարում ենք, որովհետեւ գիտենք մեր ինքնության արժեքը։

1915 թվականից հետո միլիոնավոր հայեր՝ ձեր ու իմ նախնիները, ցրվեցին աշխարհով մեկ՝ Լիբանան, Սիրիա, Ֆրանսիա, Ամերիկա, Կանադա եւ այլ երկրներ։ Նրանք կարող էին ասել՝ «մոռանանք ամեն ինչ, սկսենք նոր կյանք», բայց ստեղծեցին դպրոցներ, եկեղեցիներ, սովորեցրին երեխաներին հայերեն խոսել, հայերեն աղոթել, երգել ու հայերեն պարել։ Նրանք տուն չունեին, բայց ինքնություն ունեին, եւ հենց դա օգնեց նրանց գոյատևել հայրենիքից դուրս, մեծ օվկիանոսում։

– Հիշե՛ք,- եզրափակեց ուսուցիչը, – ինչպես տունը չի կանգնում առանց հիմքի, այնպես էլ ազգը չի ապրում առանց իր ինքնության։ 

Դասամիջոցի զանգը հնչեց։ 
Դասն ավարտվեց, բայց սերնդի մի փոքրիկ նավ արդեն գիտեր իր ուղղությունը։

18.01.2026

Նկարները՝ Օրէնճ Քաունթիի (ԱՄՆ) Ազգ. Արի Կիրակոս Մինասեան վարժարանի պաշտոնական էջից
https://www.facebook.com/AGMArmenianSchool?rdid=Ksi1JKWzFFPETRv6&share_url=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fshare%2F1GMfwNcDyk%2F#

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *