Երթիկէն Ծուխ Մը Ելաւ

Լոյսը բացւում էր:

Դալարը հանդարտ բացեց աչքերը. գիշերը նա բաւական հանգիստ էր եղել: Աչքը գցեց՝ պատուհանը բաց էր, իսկ արեւի մի շող ծառի արանքից ներս էր սողոսկել եւ նրա գունատ դէմքի վրայ նշմարելի դարձրել ցաւի գոյնը:
Դալարը դանդաղ գլուխը թեքեց դէպի արեւի շողը, նրա դէմքին ուրուագծուեց մի թոյլ ժպիտ, հայեացքը անթարթ յառեց երկինք, աչքերի մէջ երեւաց թոյլ մի փայլ. ի՞նչ էր որոնում երկնքի լազուրում:

Դալարի աչքերը գնալով խորանում էին. նա անդարձ յիշողութեան մէջ էր:
-Տղայ է,- լսեց Դալարը,- աչքդ լոյս Դալար քոյրիկ, բախտաւոր զաւակ ըլլայ, մեծնայ, ծնողքին հպարտութիւնը ըլլայ:
Դալարը գիրկն առաւ որդուն, սեղմեց կրծքին, կամացուկ աղօթք շշնջաց առ աստուած՝ որդուն պահէ եւ պահպանէ չար ոգիներէ եւ չար աչքերէ:

Դալարը երջանիկ էր, աստուած արու զաւակ էր պարգեւել: Ի պատիւ իրենց մեծ հօր՝ որդուն պէտք է կոչէին Սարգիս: Նա պէտք է լինէր հօր պատիւն ու պարծանքը, պէտք է իր արեան մէջ կրէր հայի ոգին, պէտք է մեծանար արժանի թոռն իր մեծ հօր՝ Սարգիսի, ով ապրել ու մեծացել էր Հալէպի որբանոցում, հոգում տանելով որբանոցի տխուր եւ դառը կեանքի յիշողութիւնները:
Մեծ հայրը յետոյ թոռանը պէտք է պատմութիւններ պատմէր այդ օրերին ապրած դժուարութիւնների մասին, պէտք է խօսէր հայ ժողովրդի հոգու ցաւերի, ապրած դժոխքի եւ վերապրումի մասին։

Դալարի աչքերը շարունակում էին դեգերել անցեալի ճանապարհին, նրա գունատ դէմքի վրայ արտացոլւում էր սրտի յուզմունքը. թոյլ ժպիտը դեռ սահում էր դէմքին:

Մեծանում էր Սարգիսը, սեւ խիտ մազեր ունէր, խոշոր սեւ աչքեր, թաւ յօնքեր, ամաչկոտ էր եւ շատ չէր խօսում, սիրում էր լսել մեծ հօր պատմութիւնները: Հօր հետ երբեմն արհեստանոց էր գնում, նայում ինչպէս է հայրը կօշիկ նորոգում: Չնայած հայրը՝ Ներսէսը, նկատել էր՝ տղան սիրում է աստղերը, բայց, այնուամենայնիւ, տղային բացատրում էր նաեւ իր արհեստի նրբութիւններն ու գաղտնիքները:
 Նա գնել էր տղայի համար աստղերի, արեւի ու լուսնի մասին պատմող գրքեր, երբեմն տղան տալիս էր հարցեր, որոնց պատասխանը խեղճ հայրը ինքն էլ չգիտէր, եւ, որպէսզի տղայի մօտ չամաչէր, նրան ասում էր՝ կարդայ եւ ինքդ սովորիր, եւ տղան կարդում էր ու կարդում, յետոյ կարդացածը հօրը պատմում, հայրը լսում էր ու հպարտանում՝ իր տղան մի օր մեծ մարդ է դառնալու, հո՞յ իր նման կօշկակար չէր լինելու, բա ինչի՞ համար էր նա օրնիբուն աշխատում:

Ի՜նչ հպարտ էր, երբ ուսուցչուհին նրան ասել էր՝ օրինակելի տղայ ունէք, առանձնանում է բոլորից:
Չկար ոչինչ, որ նա խնայեր իր տան ճրագը պահող, իր օջախը կեանքով լցնող մինուճար տղայի  համար:
Իսկ իր ձեռքերը կարմրել եւ ճաքել էին կօշիկի նորոգման նիւթերից…

Կէսօր էր, բայց արեւը դեռ խաղում էր ծառի տերեւների հետ: Սենեակում ոչ ձայն կար, ոչ շշուկ, միայն վարագոյրն էր երբեմն մեղմ օրօրւում:
Յանկարծ Դալարի դէմքը ջղաձգուեց ու աղճատուեց ցաւից: Նա շրջեց գլուխը դէպի պատը, որտեղ կողք կողքի կախուած էին մեծ հօր եւ ամուսնու նկարները: Նայեց նկարներին, նրա գունատ դէմքից անհետացաւ թոյլ ժպիտը, խորունկ մի կսկիծ երեւաց դէմքին: Աչքերը, կարօտի ցաւով, նորից սուզուեցին անցեալի մէջ: Անհաշտ էր անցեալի հետ Դալարը: Մեծ հօր մահից շատ չանցած, չարաբաստիկ հիւանդութիւնը խլել էր եւ ամուսնու կեանքը: Մահից առաջ նա Դալարին պատգամել էր իրեն հոգ տանի, քաջութեամբ լցուի, որդուն՝ Սարգսին, պիտանի մարդ մեծացնի, իր երազը՝ որդուն մեծ մարդ տեսնել, անկատար չթողնի. չէ՞ որ տղայի այլեւս միակ թիկունքը նա պէտք է լինէր:

Դալարը, որ միայն զբաղուել էր տան հոգսերով, պէտք է աշխատանք գտնէր:
Որդու մեծանալով աւելանում էին Դալարի նիւթական կարիքները: Ազգականներից մէկը նրան կարի մեքենայ էր տուել, եւ Դալարը գիշերները կար էր անում, իսկ օրուայ ընթացքում պատրաստում ու վաճառում էր սինի քիւֆթա, սարմա, եւ կամ չի- քիւֆթա ու մանթի. լաւ ձեռք ունէր, յաճախորդները միշտ իրենց գոհունակութիւնն արտայայտում էին օրհնանքով։

– Անցեալին տարածս ալ շա՜տ ու շա՜տ համով էր, ձեռքերուդ դալար, Դալար քոյրիկ:
Տարիներն անցան: Սարգիսը սովորեց եւ աւարտեց համալսարանը, աշխատում էր, Դալարն այլեւս ստիպուած չէր օրնիբուն աշխատել, որդին լաւ վաստակում էր:

Հպարտ էր Դալարը որդու յաջողութիւններով:

Յանկարծ Դալարի դէմքը ջղաձգուեց, փոս ընկած աչքերը կկոցեց եւ նորից հայեացքն ուղղեց երկնքի լազուրին. աղօթու՞մ էր, թէ խօսում էր Աստծոյ հետ, գուցէ կռի՞ւ էր տալիս Աստծոյ հետ:

Եւ արդեօք ի՞նչ էր փնտռում նա երկնքի լազուրում…
Այդպիսի արեւոտ մի օր տղան տուն եկաւ՝ դէմքը ուրախութիւնից պայծառացած, աչքերը շաղախուել էին երջանկութիւնից. կարծես արբած էր:

Դալարի սիրտը թրթռաց, հասկացաւ, որ տղան լաւ լուր ունի իրեն յայտնելու:
– Մամ, ես երջանիկ եմ, ան համաձայն է հետս ամուսնանալու: Միայն թէ տեսնես զինք, աստուածուհիի նման գեղեցիկ է, հապա թէ աչքե՜րը, հասա՜կը, եւ այդ աստուածուհին համաձայն է ինձ հետ ամուսնանալու…

Դալարի սիրտը արագ էր խփում, տղայի երջանկութիւնը ամէն ինչ էր իր համար, նրա երջանկութեան համար էր ապրել, հպարտ էր՝ արդարացրել էր ամուսնու պատգամը: Աչքերը ուրախութիւնից  արցունքով լցուեցին, նստեց եւ սկսեց բառերը իրար խառնելով երգել իր սիրելի երգը՝ իմ երթիկից մի բարակ ծուխ դուրս ելաւ… իմ պապերի վառած թոնրի թոյլ կրակ, ապագայիս մեծ խարոյկն ես, իմ բալիկ…

Տղան շարունակում էր պատմել իր աստուածուհու մասին:
Դալարը յանկարծ լսեց՝ «քրիստոնեայ չէ»: Քարացաւ, ուզեց խօսել, բայց ձայնն էլ քարացաւ կոկորդում, ուրախութեան արցունքներն ու երգը սառեցին դէմքին: Նա ոչինչ չէր լսում:

Ուսին զգաց տղայի ձեռքը.
– Մամ, ի՞նչ ունիս, ի՞նչ եղաւ:
– Լսածս ճի՞շդ է, որ քրիստոնեայ չէ,- հազիւ լսելի ձայնով հարցրեց Դալարը:
– Այո՛, քրիստոնեայ չէ, բայց ի՞նչ կապ ունի, այս դարուն այդ ի՞նչ մօտեցում է, կրօնքը բնաւ մեր կեանքը չի խանգարէր:
– Դո՞ւն գիտես ինչ ըսել է քրիստոնեայ չէ, – հիասթափութիւնն ու զայրոյթը միախառնուել էին Դալարի դէմքին,- գիտե՞ս անոնք ինչեր կը պահանջեն, անոնք կը պահանջեն թէ՛ կրօնքդ ուրանաս, թէ՛ ազգդ, հա՛յ պիտի չկոչուիս, հայերէ՛ն պիտի չխօսիս, դու իրենց համար գիաւուր ես,- աչքերի մէջ ցասում էր, ձայնի մէջ՝ արժանապատուութիւնը խոցած վիրաւորանք:
– Ինչո՞ւ այդքան կը բարդացնես հարցը, նոյնիսկ եթէ կրօնքս փոխեմ, այդ չի նշանակեր, որ ես հայ չեմ, ինչո՞ւ այդքան ծայրայեղ ես:
– Դուն գեաւուր ես իրենց համար:

Փոթորկուեց Դալարի հոգին:

– Օտար հողի ծաղիկ է, մի քաղեր զայն իր հողէն, իր արմատէն, անիկա իր հողի մէջ պիտի ծաղկի, դուն ալ մեր ծառի ճիւղն ես, պոկուած ճիւղն ուրիշ ծառի չի փակիր, անիկա կը չորնայ, անիկա պտուղ չի կրնար տալ, չի կրնար ճղարձակել…
Որքա՜ն փորձեց Դալարը տղային յետ պահել, որքա՜ն խնդրեց, յանդիմանեց, բայց Սարգիսն անդրդուելի էր: Նա երջանիկ էր, աղջիկը նրա կեանքը լցրել էր անմեկնելի սիրով, հոգում կրակ էր վառուել. Սարգիսն այնպէ՜ս մաքուր եւ անկեղծ էր սիրում նրան: Նա չէր կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ էր իր սէրը մօր համար արցունք ու ցաւ դարձել:

Անցան օրեր, Դալարը փորձում էր հաշտուել ցաւի հետ, բայց չէր կարողանում ներել տղային: Նա ինքն էլ սիրել էր, գիտէր՝ ինչ է սիրոյ նուիրումը, գիտէր, որ սէրը չի խլում մէկից աւելին, սէրը հաւասար է երկուսի համար:
Բայց ո՛չ, հաւասար չէր իր տղայի սէրը. աղջիկն իր սիրոյ համար տղայից շատ մեծ գին էր պահանջել. նա ուզել էր յանուն իրենց միասնութեան տղան ընդունի իր կրօնը:

Ո՛չ, այս մէկն արդէն Դալարը չէր կարող ընդունել, այս մէկը նա չէր կարող ներել տղային:  Ուրեմն այլեւս ո՞վ էր նա, եթէ չէր կարող իր քրիստոնէական օրհնութիւնն ու մաղթանքը տալ տղային:

– Կա՛մ մայրդ, ընտանիքդ, ազգդ ու կրօնդ, կա՛մ սէրդ,- ասել էր Դալարը: Նա իր հոգու ճիչն ու վերջին ճիգն էր գործադրել, յոյսով՝ տղային յետ պահելու այդ քայլից:

Տղան ընտրել էր իր սէրը եւ հեռացել:

Դալարը մնաց լուռ իր ցաւի հետ: Նա մեկուսացաւ աշխարհից, ամաչում էր անգամ նայել պատից կախուած մեծ հօր եւ ամուսնու նկարներին. ի՞նչ պէտք է ասէր նրանց, ինչպէ՞ս արդարանար, որտե՞ղ նա սխալուեց եւ կամ արդեօք սխալուե՞լ էր, իսկ ինչո՞ւ եղաւ այսպէս: Արդեօք աղջկայ հաւա՞տն էր զօրեղ, թէ տղան էր հանդուրժող դարձել: Ուրեմն ինչո՞ւ էր այդ սէրն անհաւասար, ինչո՞ւ էր այդ սէրը տղայից միայն խլել…

Արեւը մայր էր մտնում, իրիկնային մեղմ քամին հանգիստ օրօրում էր ծառի տերեւները:
Մահուան դեղնութիւնը պատել էր Դալարի դէմքը: Նա մեղմ թարթեց աչքերը՝ կարծես պոկելով անցեալից:

Յանկարծ ընդհատուեց սենեակի լռութիւնը, մի սեւաչեայ հրաշամանուկ բացեց սենեակի դուռը.
– Ներսէ՛ս, մեծ մաման չխանգարես,- տղայի ձայնն էր:

Դալարի դէմքին երեւաց մի թոյլ ժպիտ՝ նման չհանգած յոյսի: Հազիւ բացուող աչքերն ուղղեց ամուսնու նկարին եւ նրա թոյլ շնչառութեան մէջից լսուեց.
– Մեր երթիկէն բարակ ծուխ մը ելաւ…

Լռութիւն եւ անդոր իջաւ:

***Պատմուածքը գրել եմ իրական պատմութեան հիման վրայ:
Այն ոչ այքան այլակրօնի հետ ամուսնութեան քննադատութիւն է, որքան մտահոգութիւն: Պատմուածքը հայ մօր տառապանք է, ով օտարութեան մէջ տառապանքների ու չարչարանքների գնով, սակայն հայկական շնչով մեծացնում է տղային եւ կանգնում մի մարտահրաւէրի առաջ, որը դառնում է մեծ ցաւի պատճառ:
Հայ Մայրը ինչ-որ տեղ՝ յանուն որդու երջանկութեան, ով սիրոյ վրայ է իր արարքի շեշտը դնում, փորձում է յարմարուել այլակրօնի հետ ամուսնութեանը, եթէ այդ ամէնի մէջ գերակշռողը սէրը լինի, բայց միւս կողմից էլ չի կարողանում հասկանալ այդ սիրոյ չափորոշիչը, որովհետեւ գերակշռողը բնաւ սէրը չի միւս կողմի համար, այլ կրօնական, ազգային պարտադրանքներն են, որը մայրը չի կարող ընդունել, աւելին դատապարտում է՝ ինչո՞ւ է այդ սէրը անհաւասար ու խլող:

2017

Արեւը մայր էր մտնում, իրիկնային մեղմ քամին հանգիստ օրօրում էր ծառի տերեւները:
Մահուան դեղնութիւնը պատել էր Դալարի դէմքը: Նա մեղմ թարթեց աչքերը՝ կարծես պոկելով անցեալից:
– Արմինէ Մուքոյեան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *