Հայ Յեղափոխական Դաշնակցության մամուլը որպես հայ ազգային-քաղաքական մտքի ձևավորման գործոն (19-րդ դարի վերջ – 20-րդ դարասկզբ)

Հայ քաղաքական մտքի և ազգային պայքարի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցության մամուլը։

Դեռ 19-րդ դարի վերջից Դաշնակցության մամուլը ձևավորեց ազգային-ազատագրական մտածողություն, այն գաղափարական դաստիարակության դպրոց էր, ինքնության պաշտպանության միջավայր և քաղաքական դիմադրության գործիք։

ՀՅԴ մամուլը միավորում էր հայությանը՝ Թիֆլիսից մինչև Ժնև, Պոլսից մինչև Բոստոն։

19-րդ դարի վերջ – 20-րդ դարասկզբին այն բառացիորեն պայքարի զենք էր․ չկար պետականություն և թերթն էր, որ մարմնավորում էր գաղափարական պետությունը։

Բանասիրական գիտությունների թեկնածու Մարիամ Հովսեփյանը, իր «ՀՅԴ կուսակցական և համակիր պարբերական մամուլը Օսմանյան Թուրքիայում 1909-1915 թթ. և 1918-1923 թթ» գիտական աշխատության մեջ՝ հիմնվելով Մ. Վարանդեանի «Հ.Յ.Դաշնակցութեան պատմութիւն», եւ Վրացեան Ս., «Յուշապատում Հ.Յ.Դաշնակցութեան (1890-1950)», աշխատություններին նշում է, որ 19–րդ դարի վերջին հիմնվել և 20–րդ դարի սկզբին բուռն ծաղկում է ապրել Հայ հեղափոխական դաշնակցության պարբերական մամուլը, որը հաճախ միևնույն պարբերականը տպագրել է տարբեր անուններով՝ թուրքական կամ ռուսական կառավարական համապատասխան մարմինների արգելքներից խուսափելու նպատակով։

Այդ տարիներին Թիֆլիսում լույս է տեսնում «Հառաջը» (1905 թ.), «Ալիքը» (1906 թ.), «Երկիրը» (1906 թ.), «Զանգը» (1906 թ.) «Ժամանակը» (1906-1907 թթ.), 1907 թ.` «Փայլակը», «Խարիսխը», «Ժայռը», «Արորը», «Կովկասի առավոտը», «Նոր ալիքը», «Վտակը» (1907-1908 թթ.) «Զանգակը» (1908 թ.), «Գործը» (1908-1909 թթ.), «Հորիզոնը» (1909-1918 թթ.), «Նոր ուժը» (1914 թ.): Բաքվում հրատարակվում են «Գրոհ» (1906-1907 թթ.) և «Թռուցիկ» (1906 թ.) թերթերը, Ալեքսանդրապոլում՝ «Ժայռը» (1909-1911 թթ.), Ֆիլիպեում (այժմ`Պլովդիվ)՝ «Ռազմիկը» (1905-1910 թթ.), Կարինում՝ «Հառաջը» (1909-1914 թթ.), «Ալիքը» (1914թ.) և «Երկիրը» (1914 թ.), Էրզրումում՝ «Արորը» (1910-1911 թթ.), Տրապիզոնում՝ «Պիծակը» (1911-1912 թթ.), Իզմիրում՝ «Գոյամարտը» (1919- 1920 թթ.), Թավրիզում՝ «Այգը» (1912-1922 թթ.): Կ.Պոլսում 1908-1909 թթ. լույս է տեսել «Ազդակ» շաբաթաթերթը, որը չի եղել ՀՅԴ պաշտոնաթերթ, այլ հրատարակվել է դաշնակցականների ջանքերով:

Թուրքիայի մայրաքաղաք Կ. Պոլսում և բուն արևմտահայ գավառում ու գաղթավայրերում ՀՅԴ-ն հրատարակել է բազմաթիվ պարբերականներ:

Աշխատության հեղինակը նշում է, որ Կ. Պոլսի ՀՅԴ պարբերական մամուլի օրգանները 1909-1924 թթ. հրատարակվել են 2 փուլով. 1909-1915 թթ. և 1918-1924 թթ.: 1909-1915 թթ. հրատարակվել են «Ազատամարտ» օրաթերթը (1909-1915 թթ.), «Ուսանող» (1909-1914 թթ.) և «Երկունք» (1909-1914 թթ.) ամսաթերթերը, հասարակագիտական և գրական ուղղվածությամբ «Ազդակ» շաբաթաթերթը (1908-1909 թթ.), «Շանթ» (1911- 1915 թթ.) ու «Մեհյան» հանդեսները (1914 թթ.), «Նավասարդ» տարեգիրքը (1914 թ.), «Ամենուն տարեցույցը» (1909-1914 թթ.), իսկ 1918-1924 թթ.`«Ճակատամարտ» օրաթերթը (1918-1924 թթ.), «Ճակատամարտ» գյուղատնտեսական ամսօրյա (1919-1920 թթ.) և «Ճակատամարտ» մանկավարժական ամսօրյա (1918-1920 թթ.) հավելվածները, «Շանթ» գրական-քաղաքական (1918-1919 թթ.) և «Հայ սկաուտ» մարզական(1919-1922 թթ.) հանդեսները:

Մարիան Հովսեփյանի գնահատմամբ՝ հրատարակության առաջին փուլում Հայ Յողափոխական Դաշնակցության Կոստանդնուպոլսի պարբերականների հիմնական առաքելությունը կուսակցության ծրագրային դրույթներն ու գաղափարական սկզբունքները հանրությանը ներկայացնելն է եղել։

Հետեւաբար կարող ենք ասել, որ ՀՅԴ-ն նպատակ է ունեցել ոչ միայն ընթերցողին ծանոթացնել իր քաղաքական դիրքորոշումներին, այլեւ համակարգված կերպով ներկայացնել կուսակցության աշխարհայացքային ամբողջական պատկերը՝ ընդգրկելով հասարակական, գրական և մշակութային հիմնահարցերի վերաբերյալ իր տեսլականը։ Ուստի հստակ է, որ այս գործընթացը միտված էր ընթերցողի մեջ ձևավորելու ոչ թե պարզապես տեղեկացվածություն, այլ գիտակցված գաղափարական դիրքավորում։ Այդպիսով, մամուլը ՀՅԴ-ի համար հանդես էր գալիս որպես գաղափարական դաստիարակության գործիք։

Երկրորդ փուլում, ըստ հեղինակի, առաջնահերթությունները փոխվել են։ Գերակա են դարձել հայապահպանության մարտահրավերները, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ ծավալված գործընթացը, Հայաստանի առաջին Հանրապետության հետ կապերի հաստատումն ու հնարավորության սահմաններում հայրենիքին նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելը։

Այսպիսով, երկրորդ փուլում ՀՅԴ մամուլի գործունեությունը ձեռք է բերում գործնական և ռազմավարական ուղղվածություն, վերածվում է ազգային դիմակայության, հիշողության պահպանման և համահայկական համախմբման կարևորագույն գործիքի՝ միաժամանակ ծառայելով թե՛ քաղաքական պայքարին, թե՛ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը։

1909–1915 թթ., հայ ժողովրդի ճակատագրական տարիներին պարբերականներ են հրատարակվել ոչ միայն Կոստանդնուպոլսում, այլև արևմտահայ գավառներում ու գաղթավայրերում, որոնք հիմնականում եղել են շաբաթաթերթեր, երկշաբաթաթերթ կամ ամսաթերթ, որոնցում կուսակցության գործունեության կողքին ներկայացվել է արևմտահայ գավառների հասարակական կյանքը՝ իր խնդիրներով, մտահոգություններով և պահանջներով։

ՀՅԴ այս մամուլի ամբողջական հավաքածուները պահվում են Վիեննայի Մխիթարյան միաբանություն գրադարանում։

Հ. Տասնապետյանը իր “History of the Armenian Revolutionary Federation Dashnaktsutiun (1890-1924)” աշխատության մեջ նշել է, որ 1909 թ. օգոստոս-սեպտեմբերին Վառնայում գումարված ՀՅԴ 5-րդ համաժողովը, կարևորելով տարածաշրջանային գործունեությունը, որոշում է կայացրել թերթեր հրատարակել թե՛ երկրում, թե՛ Կոստանդնուպոլսում։

Եւ Կարինի «Հառաջի» և Թիֆլիսի «Հորիզոնի» հետ 1909 թ. Կ. Պոլսում սկսել է հրատարակվել «Ազատամարտը»՝ Ռ. Զարդարյանի խմբագրությամբ, որի համար «Հայրենիք»-ը գրում է (1924, թիվ 3, էջ 67-71, թիվ 5, էջ 93-97). «Թերթը իր շնորհիւ կուսակցութեան մը օրգանը չեղաւ միայն, այլ՝ հայ ժողովուրդի առողջ բնազդներուն ամբողջական արտայայտութիւնը, հայ մտքին ճիգերուն ասպարէզը»։ Թերթը, առաջնորդվելով «Ամեն ինչ ժողովրդի համար և ժողովրդի միջոցով» նշանաբանով, նպաստել է հայրենի գրականության զարգացմանը՝ հայ գիրը հասցնելով անգամ Արևմտյան Հայաստանի ամենահեռավոր անկյուններ։

«Ազատամարտի» էջերում է եղել հայ մտավորականության սերուցքը` Գր. Զոհրապը, Դ. Վարուժանը, Սիամանթոն, Ավ. Իսահակյանը, Ռ. Սևակը, Ա. Ահարոնյանը, Զ. Եսայանը, Գ. Տեր-Կարապետյանը, Գ. Խաժակը, Ա. Վռամյանը, Մ. Կյուրճյանը, Մ. Վարանդյանը, Լ. Շանթը և ուրիշներ:

1915 թ. ապրիլի 24-ի կեսգիշերին ձերբակալվում ու բանտարկվում է «Ազատամարտի» աշխատակազմը, որոնց հետ եւ Ռ. Զարդարյանը, ով հրաժարվել էր հեռանալ երկրից՝ ասելով. «Ես «Ազատամարտի» գլուխը պէտք է ըլլամ մինչև իր վերջին օրը» («Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1925, թիվ 3, էջ 28-44)

Մ. Վարանդյանի գնահատմամբ՝ «Ազատամարտ»-ը կարևոր դիրք ու ազդեցություն է ունեցել պետական կյանքում․ նրա ձայնը լսելի է եղել իշխանությունների համար, իսկ անկախ, անկողմնակալ և քննադատական խոսքը գրավել է լայն մտավորական շրջանակներին։

Պրոֆեսոր Հակոբ Սիրունին «Ազատամարտի» դերը բնորոշում է. «Երիտասարդութեան համար տեսակ մը սրբավայր էր «Ազատամարտ»ի շէնքը: Հոն էր, կերպով մը, հայ կեանքին բազկերակը»։

Հայ մանկավարժ, մատենագետ, խմբագիր Արտաշես Տեր–Խաչատուրյանի «Հ.Յ.Դաշնակցության 100-ամյա մամուլը (1890-1990)» ուսումնասիրության համաձայն, արևմտահայ գավառում 1908-1915 թթ. ՀՅԴ-ն տպագրել է 2 տասնյակից ավելի կուսակցական և համակիր պարբերական: Վասպուրականում, օրինակ, դրանցից մի քանիսը հրատարակվել են թուրքալեզու («Սապահյուլ խայր»-ը) կամ հայերեն ու թուրքերեն էջերով: Ընդ որում, դրանք մինչև 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումը տպագրվել են ընդհատակյա և հիմնականում եղել են խմորատիպ: 1896-1897 թթ. ՀՅԴ-ն Վասպուրականում տպագրել է «Թռուցիկ» թերթը, իսկ ՀՅԴ Վասպուրականի մամուլի հիմքը դրել է Իշխան Միքայելյանը`(Վանի Իշխան, Նիկոլ Պողոսյան, Միքայելյան) 1905 թ. այստեղ լույս ընծայելով «Արյան ձայն» թերթը: Իսկ արդեն նրա հիմնադիր-խմբագրմամբ 1910-1915 թթ. Վանում լույս է տեսել «Աշխատանք» գրական, քաղաքական և տնտեսական շաբաթաթերթը, որը նաեւ ՀՅԴ Վասպուրականի Կենտրոնական կոմիտեի օրգանն էր:

Առանձին-առանձին յուրաքանչյուր թերթ, իր առանձնահատկություններով հանդերձ, կիսում էր մի շարք ընդհանուր գծեր. բոլորը միտված էին նույն գաղափարական ուղղությանը՝ ազգային ինքնագիտակցության ձևավորմանը, կրթական ու մշակութային զարգացման խթանմանը և հասարակության քաղաքական գիտակցության բարձրացմանը։

Սիմոն Վրացյանը վկայում է, որ Հայաստանի խորհրդայնացումով և Պոլսոյ քեմալացումով Հ.Յ. Դաշնակցութեան մամուլը զարգացավ արտասահմանի մեջ: Հ.Յ. Դաշնակցութեան մամուլի գլխաւոր կեդրոնները դարձան Փարիզը, Կահիրեն, Բոստոնը, Սիրիան ու Լիբանանը։

19-րդ դարի վերջին, երբ հայ ժողովուրդը զրկված էր սեփական պետականությունից և գտնվում էր Օսմանյան ու Ռուսական կայսրությունների վարչական վերահսկողության ներքո, այսպիսի ընդգրկուն մամուլը վկայում է, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության համար այն ունեցել է ռազմավարական նշանակություն, հանդես է եկել որպես ինքնակազմակերպման, գաղափարական համախմբման և քաղաքական ուղղության ձեւավորման միջոց։

ՀՅԴ մամուլը ապահովել է ազգային գաղափարախոսական համակարգի ձևավորում ու տարածում։ Կուսակցության ծրագրի, սոցիալ-քաղաքական հայացքների և ազգային-ազատագրական գաղափարախոսության համակարգված ներկայացումը նպաստել է միասնական քաղաքական ինքնագիտակցության կայացմանը՝ թե՛ Օսմանյան կայսրության, թե՛ Կովկասյան տարածաշրջանի, և թե՛ սփյուռքյան համայնքների շրջանակներում։ Այս իմաստով ՀՅԴ մամուլը, փաստորեն, ձևավորում էր համահայկական հաղորդակցական դաշտ՝ միավորելով տարբեր երկրներում և գաղթավայրերում բնակվող հայությանը։

1915 թ. նախորդող և հաջորդող ժամանակաշրջանում այն ստանձնել է պահանջատիրության ձևակերպման դեր, ազգային ինքնության պահպանման և մշակութային դիմադրության գործառույթ։ Այն վերածվել է գոյապայքարի գործիքի՝ բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանության իրողությունը, հետապնդելով միջազգային ճանաչման հարցը և ամրապնդելով կապերը Հայաստանի Առաջին Հանրապետության հետ։

Վերջապես, հետխորհրդայնացման և քեմալականացման պայմաններում ՀՅԴ մամուլի կենտրոնների տեղափոխումը սփյուռք, փաստում է նրա կառուցվածքային շարունակականությունը՝ դառնալով սփյուռքի ինքնակազմակերպման մեխանիզմ։

Ուստի կարելի է ասել, որ ՀՅԴ-ի համար մամուլը ռազմավարական ռեսուրս էր եւ քաղաքական-գաղափարական կառույց՝ իրականացնելով քաղաքական, գաղափարական, կազմակերպչական, հաղորդակցական և ազգային մշակույթի պահպանման գործառույթներ։ ՀՅԴ մամուլի դերը, ինչպես նշում են մի շարք ուսումնասիրողներ, ըստ էության, գերազանցել է դասական կուսակցական լրատվամիջոցի սահմանները և վերածվել համահայկական քաղաքական տարածքի ձևավորման առանցքային գործոնի։

Ուստի 19-րդ դարի վերջի քաղաքական և սոցիալ-մշակութային իրողությունների համատեքստում ՀՅԴ մամուլը պետք է դիտարկել ոչ միայն որպես կուսակցական օրգան, այլ ազգային քաղաքական կյանքի կառուցվածքային բաղադրիչ։

Այս տեսանկյունից կարելի է պնդել, որ առանց ՀՅԴ մամուլի դժվար է ամբողջականորեն ըմբռնել 20-րդ դարասկզբի հայ քաղաքական մտքի զարգացումը, քանի որ հենց այդ մամուլն էր այն միջավայրը, որտեղ ձևակերպվում, բախվում և համակարգվում էին ազգային-ազատագրական գաղափարներն ու ռազմավարական մոտեցումները։

Արմինե Մուքոյան
18.03.2026

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *