— Հեյ, Ջինո՛, նետի՛ր այդ արկղը։ Բայց այս մեկը պահի՛ր, պետք կգա։
Ձայները խառնվում էին իրար, մեկը մյուսի հետևից հրահանգներ, կարճ ու սովորական նախադասություններ։
Աշխատանքային օրվա սովորական աղմուկ։
Նայեցի շուրջս։
Վրա-վրա շարված արկղեր էին՝ մեծ, փոքր, հին, նոր, ճմրթված, բայց դեռ ամուր։
Երկու տղա դատարկում էին արկղերը։ Մեկը վերցնում էր արկղը, բացում, նայում ներսը, հետո պատռում ու նետում աղբամանը, մյուսը վերցնում էր հաջորդը, մի պահ կանգնում, կարծես ինչ-որ բան էր կշռադատում, հետո զգուշությամբ ծալում ու դնում մի կողմ։
Մեկը՝ աղբ էր, մյուսը՝ պահելու, մեկը բացվում էր, մյուսը՝ փակ մնում, մեկը պետքական էր, մյուսը՝ այլևս ոչ։
Նայեցի հերթական արկղին, որ Ջինոն պահել էր ձեռքում ու մտածում էր՝ ինչպե՞ս որոշի այդ արկղի ճակատագիրը՝ նետի՞, թե դեռ պետք կգա։
Նայեցի նրան, հետո՝ արկղին։ Ջինոն փորձում էր որոշել՝ դրա մեջ դեռ ինչ-որ բան կա՞, որ արժե պահել, թե՞ եկել է այն նետելու ժամանակը։
Երևի մարդու կյանքում էլ ամեն ինչ հենց այսպես է՝ տարիների ընթացքում այնքան բան է կուտակվում, որ մի օր ստիպված ես կանգնել այդ ամենի առաջ ու հարցնել՝ ինչը թողնել քեզ հետ, ինչը բաց թողնել։ Մի պահ մտածեցի՝ ինչ տարօրինակ է, թե որքան լուրջ կարող է դառնալ մի պարզ արկղի ճակատագիրը, երբ չգիտես՝ նետե՞լ, թե՞ պահել։ Ու գուցե հենց այդպես էլ մենք ենք ապրում՝ անընդհատ որոշելով՝ ինչ պահել մեր կյանքում, ինչ բաց թողնել, ինչի համար դեռ տեղ գտնել, իսկ ինչի հետ վերջապես հրաժեշտ տալ։
Մարդու կյանքն էլ արկղ է. մեկը լիքն է. ա՜յնքան լիքն է, որ երբեմն չի փակվում։ Մեջը մարդիկ են, հիշողություններ, սերեր, կորուստներ, չասված խոսքեր, պահած խոստումներ, վախեր, երազներ, երջանկություն ու տխրություն. մի ամբողջ կյանք՝ իրար վրա լցված։
Մյուսը կիսադատարկ է։ Գուցե այնտեղ քիչ մարդիկ են եղել, քիչ են սիրել, քիչ են կորցրել, կամ գուցե ամեն ինչ ունեցել են, բայց ոչինչ չեն ցանկացել պահել։
Կա մի արկղ էլ, որի մեջ միայն մեկ բան կա՝ մի մարդ, մի հիշողություն, մի բառ, մի օր։ Բայց երբեմն հենց այդ մեկ բանն է ամբողջ արկղը ծանրացնում։
Կան արկղեր, որոնց մեջ ամեն ինչ խառնված է՝ սերը՝ վիրավորանքի կողքին, երջանկությունը՝ տխրության, ծիծաղը՝ արցունքների։ Չես կարողանում մի բան վերցնել առանց մյուսին դիպչելու։
Կան նաև դատարկ թվացող արկղեր։ Բայց գուցե դրանք իսկապես դատարկ չեն, գուցե պարզապես այն ամենը, ինչ կարևոր էր, մարդը վաղուց տվել է ուրիշներին ու իր մեջ այլևս ոչինչ չի մնացել։
Եվ մենք, ինչպես Ջինոն այդ արկղի առաջ, մեր կյանքի ընթացքում անընդհատ որոշում ենք՝ ինչը պահել, ինչը դեն նետել։
Մի հիշողություն պահում ենք տարիներով, որ թերևս ամեն անգամ բացելիս ցավում է։ Մի մարդու թողնում ենք մեր ներսում, նույնիսկ երբ նա վաղուց այլևս մեր կյանքում չէ։ Մի բառ չենք կարողանում նետել, որովհետև այն մի ժամանակ շատ կարևոր էր։ Իսկ երբեմն մի ամբողջ կյանք ենք փորձում մոռանալ՝ կարծելով, թե դրանով ավելի թեթև կդառնանք։
Եւ կան արկղեր, որոնք շատ կոկիկ են դասավորված։ Ամեն ինչ իր տեղում է։
Այդպիսի արկղերի տերերը կարծես գիտեն՝ ինչ պահել, ինչ մոռանալ, ինչի մասին խոսել և ինչի մասին լռել։
Եվ գուցե ամենատարօրինակն այն է, որ մենք բոլորս այդ արկղերին նայում ենք միայն դրսից։
Մենք չգիտենք՝ ներսում ինչ կա։ Չգիտենք՝ որն է ծանր, որն է դատարկ, որն է տարիներով փակված, իսկ որն է ամեն օր բացվում։ Չգիտենք՝ ո՞ր արկղի մեջ է ամենամեծ ցավը թաքնված, իսկ որի մեջ՝ ամենաթանկ երջանկությունը։
Իր կյանքի արկղը բացելիս մարդն ինքն էլ չգիտի՝ առաջինը ի՞նչ է դուրս գալու։
Եվ ամենակարևորը՝ մենք չգիտենք, թե որ արկղն է արդեն պատրաստ նետվելու, իսկ որը դեռ ինչ-որ մեկի համար ամենաթանկն է ամբողջ կյանքում։
Գուցե հենց այդ պատճառով էլ Ջինոյի երկմտանքը ինձ այդքան ծանոթ թվաց։
Նա որոշում էր՝ պահե՞լ այդ արկղը, թե՞ նետել։ Իսկ ես մտածեցի՝ եթե մարդը կարողանում է նայել մի արկղի ու որոշել՝ սա պետք է պահել, իսկ սա՝ դեն նետել, ինչո՞ւ չի կարող նույնքան հեշտ որոշել իր ներսում պահածների ճակատագիրը։
Ինչո՞ւ է այդքան հեշտ պատռել ստվարաթուղթը, ծալել արկղն ու նետել աղբամանը, իսկ այդքան դժվար՝ բաց թողնել մի հիշողություն, կամ անգամ մի բառ, մի «ինչ կլիներ, եթե…»։
Ես նայեցի Ջինոյին։ Նա վերջապես որոշեց արկղը պահել ու դրեց մի կողմ։
Գուցե հենց այդ է մարդու ամենամեծ դժվարությունը՝ հասկանալ, թե ինչն է իսկապես պետք նետել, և ինչը՝ ոչ։
Որովհետև մեր ներսում միշտ ինչ-որ բան մնում է չնետված. մի բան, որ ինչ էլ որ լինի, չենք կարողացել նետել։
Ես նայեցի արկղերին ու մտածեցի՝ գուցե մարդն էլ վերջում հենց այդպիսին է՝ իր ամբողջ կյանքի միջից մնացած մի փոքրիկ արկղ, որի մեջ ամենակարևոր բաները միշտ մնում են… չնետված։

Արմինե Մուքոյան
2026


