Երբեմն մարդու կյանքում տեղի ունեցող իրադարձությունների իրական նշանակությունը հասկանում ես ոչ թե դրանց սկզբում, այլ տարիներ անց՝ հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին։ Այդ ժամանակ ավելի հստակ ես տեսնում ոչ միայն այն, թե ինչ է փոխվել քո կյանքում, այլև այն, թե ինչ ազդեցություն են ունեցել որոշ միջավայրեր, գաղափարներ ու արժեքներ քո ձևավորման վրա։
Մոնրեալն ինձ համար, այո, նոր բնակավայր էր, բայց ոչ նոր ազգային իրականություն։ Այստեղի հայ համայնքն ուներ իր պատմությունը, ձևավորված արժեքային համակարգը և ազգային կյանքի շարունակականությունը։ Ես հայտնվեցի մի միջավայրում, որտեղ շատ բան արդեն հարազատ էր ինձ, որտեղ նոր պայմաններում շարունակվում էր մի իրականություն, որի արժեքներն ուգաղափարներն արդեն իմ աշխարհընկալման մասն էին։
Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի ես գիտակցում, որ այդ միջավայրը ուղղակի համախմբված մարդկանց կամ միությունների ամբողջություն չէ։ Այն մի ամբողջ աշխարհ է՝ ազգային կառույցներով, հոգևոր ու մշակութային հաստատություններով, մամուլով, գաղափարական աշխատանքով և այդ ամենը միավորող արժեքներով։ Մի աշխարհ, որն իր պատմությունն ուներ, բայց միաժամանակ շարունակում էր ապրել ու զարգանալ ներկայի մեջ։
Մոնրեալ գալով՝ ես չէի պատկերացնում, որ տասը տարի անց իմ անձնական պատմությունն այսքան սերտորեն կապվելու է այդ միջավայրի և մի ամբողջ համայնքի պատմության հետ։
Այստեղ ես չզգացի, որ հայրենիքից դուրս եմ։ Ոչ թե այն պատճառով, որ հայրենիքը կարող է փոխարինվել մեկ այլ աշխարհագրական տարածքով. երբե՛ք, այլ որովհետև այստեղ ազգային ինքնությունն ու գիտակցությունը նույնքան բնական ներկայություն էին, որքան հայրենիքում։ Ազգային պատկանելությունն այստեղ միայն ինքնության գիտակցում չէր եւ չէ, այլ ներքին համոզմունք, ապրելու ձև։
Այդ ամենի ձևավորման և շարունակականության գործում առանցքային դեր ունեն ՀՅԴ կառույցներն ու նրա շուրջ գործող միությունները։
Այսօր այդ կառույցներից մեկի՝ ՀՅԴ «Միհրան Փափազյան» կոմիտեի հիմնադրման 70-ամյակն է։
Այս տարեդարձը առիթ է հետադարձ հայացք նետելու մի ճանապարհի, որը կերտվել է սերունդների հետևողական աշխատանքով, նվիրումով և ազգային պատասխանատվությամբ։ Յուրաքանչյուր սերունդ իր ներդրումն է ունեցել այդ պատմության մեջ՝ դնելով հիմքեր, ամրապնդելով արդեն ստեղծվածը և նոր շունչ ու բովանդակություն հաղորդելով ազգային կյանքին։
Հերթը մեր սերնդինն է։ Եվ հարցն այն չէ, թե ի՞նչ ենք ժառանգել, այլև՝ ի՞նչ ենք կարողանալու փոխանցել մեզ հաջորդողներին։
Ի վերջո, ազգային շարունակականությունը ինքնաբերաբար չի պահպանվում։ Այն պահանջում է գիտակցություն, ներգրավվածություն և պատասխանատվություն։ Յուրաքանչյուր սերունդ գիտակցում է իր պատասխանատվությունը նախորդների ստեղծած ժառանգության հանդեպ, կրում է այն շարունակելու պարտավորությունը և պատրաստ է իր ժամանակի մեջ պահպանել, զարգացնել ու առաջ տանել այդ գործը։
Հպարտորեն կարող եմ ասել, որ, այո՛, մեր սերունդը ևս պատրաստ է։ Պատրաստ է ոչ միայն արժևորելու իրեն փոխանցվածը, այլև վստահորեն շարունակելու այդ գործը։ Գիտակցում ենք, որ այդ ճանապարհը հեշտ չէ, որ այն լի է մարտահրավերներով, պահանջում է հետևողականություն, նվիրում և երբեմն նաև դժվար որոշումներ։ Բայց մենք պատրաստ ենք ստանձնելու այդ պատասխանատվությունը, մեր բաժին ներդրումն ունենալու և մեր սերնդի ուժերով ամրապնդելուայն շարունակականությունը, որի ժառանգորդն ենք դարձել։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով, նվիրումով ու հավատարմությամբ կերտել են 70 տարիների այս պատմությունը և շարունակում են նաև այսօր։
Թող այս յոթանասունամյակը դառնա մեր հետագա ընթացքն ավելի մեծ վճռականությամբ շարունակելու առիթ։ Չէ՞ որ այս 70 տարիների պատմությունը հայրենիքի ներկայությունն է, և այդ ներկայությանն արժանի լինելը նշանակում է պատասխանատվություն ստանձնել հայրենիքի ու նրա շարունակականության հանդեպ։

Արմինե Մուքոյան
Մոնրեալ,
22.11.2026


