Օտար աշխարհի հզոր հոսանքների, ձուլման անտեսանելի վտանգների և ժամանակի անողոք փոփոխությունների դիմաց՝ սփյուռքահայ դպրոցը շարունակում է մնալ մեր ինքնության, մեր ազգային ոգու անառիկ բերդը։ Ցեղասպանությունից մազապուրծ հայությունը՝ կորցնելով հայրենիք, տուն ու ընտանիք, նույնիսկ ամենադաժան պայմաններում չհրաժարվեց կրթությունից ու ազգային ոգին պահպանելու առաքելությունից։ Որբանոցների, գաղթական ճամբարների և օտար ափերի ծանր իրականության մեջ հայությունը նախ եկեղեցի ու դպրոց հիմնեց՝ հասկանալով, որ եթե պահպանվի մեր հավատքը, մեր լեզուն ու դպրոցը, ուրեմն կապրի նաև ազգը։
Հենց այդ հավատով ստեղծվեցին սփյուռքի հայկական դպրոցները, որտեղ սերունդներ շարունակ փոխանցվեց ազգային ինքնության և հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը։ Ուստի «Օտար երկրի հովերուն դեմ մոլեգին՝ Հայ դպրության ջահը պահենք մշտավառ» պատգամը դարերի պայքար անցած հայ ժողովրդի գոյատևման ու հայ մնալու ուխտն է, հայրենիքից հեռու ազգային ոգին անմար պահելու սրբազան պարտավորությունը։
Երբ կարդում էի Կանադահայ համայնքի արխիվային արձանագրությունները, ամենահուզիչ եւ խորը տպավորող դրվագներից մեկն այն էր, որ ցեղասպանության արհավիրքից հետո Կանադա հասած, գոյությունը մեծ դժվարությամբ պահող փոքրաթիվ հայության առաջնային երազանքն ու նպատակը հայկական դպրոց ունենալն էր։ Նրանք չունեին ոչ միայն բավարար միջոցներ, այլ առհասարակ միջոցներ, չունեին որեւէ դրամական հնարավորություն, սակայն ունեին ազգային գիտակցություն և սերունդը հայ պահելու կամք։ Հայ մնալու միակ ճանապարհի համար, որոշում են իրենց հիմնական աշխատանքից հետո, գիշերային արտաժամյա ծանր բանվորական աշխատանք կատարել, որից հավաքած գումարով էլ հիմնեն հայկական դպրոց։ Եւ հիմնեցին։
Այսօր արդեն համայնքն ունի հպարտությամբ ներկայացվող իր դպրոցները, և ամենակարևորը՝ այդ նույն գիտակցությունը չի ընդհատվել, սերունդները շարունակել են նույն համոզումով ու նվիրումով, ազգային նույն պատասխանատվությամբ։
Այս պատմական ընթացքը բնական կերպով կապվում է նաև ՀՕՄ-ի՝ Հայ Օգնության Միության հետ, որը տարիներ շարունակ իր առաքելությամբ դարձել է սփյուռքի շարունակական կապը՝ օտար ափերում ցրված հայությանը նույն ազգային զգացողության մեջ պահելով՝ սրտե սիրտ փոխանցվող նվիրումով, հոգատարությամբ։
Հենց այդ նույն արժեքային շղթայի շարունակությունն է Կանադայի ՀՕՄ-ի «Սրտէ Սիրտ» խմբակցությունը։
Եթե առաջին սերունդները ծանր ֆիզիկական աշխատանքով հիմք դրեցին հայկական դպրոցին՝ որպես գոյության ու ինքնության պահպանման միջոց, ապա այսօր ՀՕՄ-ի նման նախաձեռնությունները այդ նույն հիմքի շարունակությունն են՝ արդեն ավելի կազմակերպված և համակարգված ձևով։
Այսինքն՝ այն, ինչ սկսվեց որպես գոյատևման պայքար, այսօր շարունակվում է որպես գիտակցված ազգային պատասխանատվություն՝ սրտից սիրտ փոխանցվող կրթության միջոցով։
Եվ որպեսզի օտար երկրի հովերուն դեմ մոլեգին՝ հայ դպրության ջահը մնա մշտավառ, այն պետք է շարունակաբար սնվի մեր միասնական կամքով, հավատով և մեր լուման բերելու պատրաստակամությամբ՝ սերնդից սերունդ անխափան փոխանցելով հայ մնալու անմար լույսը։
Արմինե Մուքոյան
18.05.2026
Մեր պարտքը նախորդ սերունդների նվիրումի և հաջորդ սերունդների հայ մնալու ապագայի հանդեպ՝ այսօր մեր լուման բերելն է ⤵️
https://www.canadahelps.org/en/dn/39733



