Ճակատագրեր՝ սփիւռքի ճանապարհին. Սփիւռքահայի մը կեանք
«ԲԺԻՇԿ ԱՒԵՏԻՍ ԻՆՃԷՃԻԿԵԱՆ – ՈԳԵՂԷՆ ՄԱՐԴԸ
Հայութիւնը իր երակներու մէջ պահող, հայ անունը իր պայծառ ճակատին որպէս դափնեպսակ հպարտութեամբ կրող այս անզուգական բժիշկը…»
Այսպես էր սկսվում Բժիշկ Աւետիս Ինճէճիկեանի կենսագրական պատմությունը (տես՝ ներքեւում)։ Կարդում ես ու հասկանում, որ նրա կյանքը ներկայացնում է մի ամբողջ սերունդ՝ իր մտածողությամբ, իր արժեքներով, իր խոնարհ հերոսությամբ։ Սերունդ, որը տեսել էր ցեղասպանություն, գաղթ, անապատ, բայց չէր վերածվել պարտված եւ ավարտված ժողովրդի։
Եթե այսօր ապրեր բժիշկ Աւետիս Ինճէճիկեանը…
Մարդ, որ տեսել էր գաղթ, աքսոր, սով, կոտորած, տեսել էր՝ ինչպես է մի ժողովուրդ կորցնում ամեն ինչ, բացի իր անունից, բայց եւ տեսել, թե ինչպես էր հայ մարդը մոխիրների միջից դպրոց կառուցում, ինչպես էր որբացած ժողովուրդը գիրք տպում, ինչպես էր կոտրված ազգը իր երեխաներին նորից հայերեն սովորեցնում, համայնք ձեւավորում, իր գոյության արդար իրավունքի համար պայքարում։
Իր կյանքի նույն խորությամբ այսօր եւս կհաստատեր, որ այդ ամենը հնարավոր դարձավ ոչ միայն դիմանալու ուժով, այլ նաև կազմակերպվելու, միավորվելու և գիտակցված պայքարի շնորհիվ՝ այն ճանապարհով, որտեղ ազգային գոյության գաղափարը դարձավ գործ ու պատասխանատվություն՝ Հ.Յ. Դաշնակցության միջոցով։
Եվ հենց այդ ճանապարհին ձևավորվեց այն կազմակերպված կամքը, որը այդ սերնդի համար եղավ ազգային գոյության ուղի՝ գաղափարական ուժ, որի շուրջ համախմբվելու իմաստը հայ ժողովրդի շարունակական գոյությունն ապահովելն էր։
Պատահական չէր, որ ազգային գաղափարական այդ ուժի ձևավորման առաջին տարիներին նա արդեն միացել էր այդ պայքարին. «Երբ 1903–1904 թթ. Պէյրութում հիմնվում է Հ.Յ.Դաշնակցությունը, երիտասարդ Աւետիսը արդեն դրա առաջին անդամների շարքում էր։ Ազատական ոգով լցված այդ երիտասարդը այնքան էր նվիրված իր գաղափարներին և այնքան վստահություն էր վայելում իր շրջապատում, որ 1905 թվականին, երբ Սիմոն Զավարյանը հիմնադրում է Զավարյան Ուսանողական Միությունը՝ որպես նոր սերնդի ազգային առողջ ոգու դարբնոց, Աւետիս Ինճէճիկյանը դառնում է այդ նախաձեռնության գլխավոր և կարևոր օժանդակ ուժերից մեկը»,-ասվում է նրա կենսագրականում։
1906 թվականին նա իր ազգային և կրթական տեսլականով նախաձեռնում է Քեսապի Ուսումնասիրաց Միության ստեղծումը, որը դառնում է Սիրիայում առաջին հայկական երկրորդական վարժարաններից մեկը՝ վերածվելով կրթության միջոցով ազգային ինքնապահպանման իրական դարբնոցի։
Կարդում եմ. «գաղափարական եւ մտաւոր կարողութիւն ներով օժտուած ու յարգանք պարտադրող եզական Աւետիս, Զաւարեան Ուսանողական Միութեան եւ Սուրիոյ Հ.Յ.Դ. կազմի որպէս յարմարագոյն եւ լրջախոհ պատգամաւոր կը մեկնի Կարին եւ կը մասնակցի Հ.Յ.Դաշնակցութեան 8–որդ Ընդհանուր ժողովին»:
Սա ցույց է տալիս այն վստահությունը, որ նրա նկատմամբ ուներ իր ժամանակի գաղափարական միջավայրը։ Միաժամանակ նաև նրա արդեն ձևավորված գաղափարական կշռի արտահայտությունն է․ նրան իր սերունդը տեսնում էր որպես Հ.Յ.Դ. գաղափարի ձևավորման ու ուղղություն տալու մեջ ներգրավված գործիչ։

Վերի շարք, ձախէն աջ.— 1) Վահան Յովհաննիսեան–Մինախորեան (Սամսոն), 2) Աստաշէս Գաւաֆեան (Կարին հրաւիրուած 3) Մանաս Պալոյեան (Տրապիզոն), 4) Արմենակ Օխիկեան–Արշակ (Բաղէշ). 5) Վահէ Թոքաճեան (Կարին, Հրաւիրուած) 6) Աւտօ Ինճէճիքեան (Պէյրութ) 7) Յովսէփ Յովհաննէսեան–Ֆօ (Թեհրան) 8 ) Վարդազար Դագէսեան (Պուլկարիա) :
Միջին շարք.— 1) Համազասպ Սրուանձտեանց (Պոլիս), 2) Մարտիրոս Յարութիւնեան (Կովկաս) 3) Ռուբէն Զարդարեան («Ազատամարտ»ի Խմբ.), 4) Ռոստոմ (Բիւրօ), 5) Է. Ակնունի (Բիւրօ), 6) Ս. Վրացեան (Ամերիկա) 7) Արտ. Հանըմեան (Եգիպտոս)։
Վարի շարք.— 1) Հիւսիսեան (Շապին-Գարահիսար), 2) Մարուքէ Մարանճաեան (Կարին), 3) Տիգրան Խաչիկեան–Արզումանեան (Պոլիս), 4) Շահ Արմէն (Կարին), 5) Ռուբ. Տէր–Մինասեան (Մուշ), 6)Վարդանեան (Սըվազ), 7) Փոլատեան (Սըվազ) 8 ) Միհրան Թերլէմէզեան (Վան):
Նկարը՝ ՀՅԴ Լավալի (Կանադա) «Սարգիս Զէյթլեան» կոմիտեի պաշտոնական էջից https://www.facebook.com/photo.php?fbid=122156195822773014&set=pb.61573190421795.-2207520000&type=3
Եւ եթե այսօր ապրեր բժիշկ Աւետիս Ինճէճիկեանը, կհաստատեր, որ մոխիրից վերածնուած ազգային ժառանգությունը պահվում է միայն գործով՝ կառուցելով, սովորեցնելով, կազմակերպվելով և ամեն պայմաններում հայ մնալով։
Ազգը մահանում է այն ժամանակ, երբ կորցնում է իր հոգին։ Իսկ նա իր ամբողջ կյանքով այդ ոգին պահող ու փոխանցող մարդկանց սերնդից էր։
Այսօր, երբ մենք ունենք ավելի շատ հնարավորություններ, քան նրանք երբևէ ունեցել են, ավելի շատ կրթություն, կապ, միջոցներ, ազատություն, բայց արդյո՞ք նույնքան պատասխանատվության զգացում ունենք, արդյո՞ք այսօր էլ հայ մարդը իր անձնական հաջողությունից անդին տեսնում է համայնքը, լեզուն, ազգային կյանքը, ազգային գաղափարախոսությունը։
Բժիշկ Աւետիս Ինճէճիկեանի կենսագրության ամենաազդեցիկ մասը այն է, որ նա ամբողջ կյանքն ապրել է մեկ պարզ համոզումով՝ հայությունը արժանի է ծառայության։ Իր գիտելիքը, աշխատանքը, ձայնը, գրիչը, մասնագիտությունը ծառայեցրել էր իր մեծ նպատակին՝ իր ազգին։
Եթե այսօր ապրեր Բժիշկ Աւետիս Ինճէճիկեանը…
Բոլոր սերունդների համար նրա պատգամը թերևս լիներ՝ ապրել այնպես, որ եթե մի օր աշխարհը նորից հարցնի՝ «Ո՞ւր է հայը», պատասխանը միայն անցյալի մեջ չլինի, պատասխանը լինի ապրող, ստեղծող, կառուցող, պայքարող հայ մարդը։
Եվ գուցե ամենամեծ հարգանքը, որ կարող ենք տալ Աւետիս Ինճէճիկեանի նման մարդկանց, միայն նրանց մասին խոսելը չէ, ինքներս մեզ հարց տալն է՝ եթե նրանք անապատից հետո կարողացան ազգ կառուցել, ապա մենք այսօր ի՞նչ արդարացում ունենք չկառուցելու։
Արմինե Մուքոյան
25.05.2026

Հոդվածի ամբողջական վերահրապարակումը թույլատրվում է միայն հեղինակի և աղբյուրի պարտադիր նշմամբ՝ ակտիվ հղումով դեպի սկզբնաղբյուր էջը, ինչպես նաև տեքստի անփոփոխ և առանց խմբագրումների պահպանման պայմանով։


